07/10/2021 14:16
Հրատապ՝ պատվաստումների մասին
Կառավարության նիստում հետաքրքիր քննարկում գնաց Առողջապահության նախարարի և կառավարության ղեկավարի միջև՝ ո՞վ է խանգարում պատվաստվելուն հարցադրմամբ։
Պետք է հստակ պատասխանել.
- Մարդիկ, որոնք թերահավատ են, ունեն հակառակ համոզմունքներ։ Նրանք կան ամբողջ աշխարհում, սա փաստ է։
- Խանգարում է այն, որ իշխանությունը պարբերաբար ասում է՝ ունենք այս կամ այն պատվաստանյութի դեֆիցիտ, ու երկրորդ դեղաչափը ուշ կլինի։ Սա շատ խանգարում է. Բերեք, ապահովեք անհրաժեշտ քանակներ ու նոր միայն պարտադրեք։
- Այո, մարդիկ կարող են չուզենալ այս կամ այն պատվաստանյութը և նախընտրել որևէ մեկը։ Դա նորմալ է։ Տվեք ընտրության իրավունք ու նոր պարտադրեք։
- Երբ կառավարության նիստում նախարարներն ու վարչապետը դիմակով են՝ դա մեսիջ է հանրությանը։ Բայց պետության խնդիրն է՝ մեծ խանութներում, առևտրի կենտրոններում, տրասնպորտում և այլ տեղերում պարտադրել դիմակի կրումը։ Պետությունը այդ գործը տապալում է։
- Կառավարության անդամները թող մի օր քաղաքային տրանսպորտով գնան տուն և աշխատանքի։ Ի՞նչ անվտանգություն, ի՞նչ հեռավորություն։ Այդ խցկվածության պայմաններում քովիդ չէ, ժանտախտ էլ կարելի է կպնել։ 3 տարի առաջ «Նոր Հայաստանի» ղեկավարները հեծանվով, մետրոյով, ավտոբուսով էին իբր գնում աշխատանքի ու լայվ մտնում։ Դե հիմա էլ գնացեք՝ մեծից փոքր։
- Կառավարության ղեկավարն էլի ասում է ընտրություններին ստացել ենք ժողովրդի քվեն, ուրեմն կարող ենք պարտադրել այս կամ այն որոշումը։ Բայց պատվաստման դեմ հանդես եկողների զգալի մասը իր 680 հազարից է։ Սա այնքան էլ չի վերաբերում պատվաստման գաղափարին, սա վերաբերում է ընտրազանգվածների հեղհեղուկությանը։
Սակայն ամենակարևոր գործոնը, որը խանգարում է պատվաստման գործընթացին, իշխանությունների հանդեպ հանրային վստահությունն է։ Իշխանության ղեկավարը կարող է թեկուզ ամեն օր դռոններով երկնքում նկարել իր ստացած 680 000 թիվը, սակայն պատվաստման գործընթացի տապալումը նշանակում է, որ մարդիկ իրեն պարզապես չեն վստահում։ Պատերազմի ընթացքում ստի և կորուստների աննորմալ ծավալը չէր կարող չբերել դրան։ Սպառնալիքով և ուժային մեթոդներով տեխնիկապես գուցե թվերը մեծացնել որոշակիորեն հնարավոր է, բայց վստահությունը կորսված է անվերադարձ։
Պատվաստումն, իրոք, անհրաժեշտ է։ Դա այս պահին կյանքեր փրկելու ամենաարդյունավետ ձևն է։ Հանրության հետ ճիշտ աշխատելը ամենակարևոր գործոնն է։ Չի կարելի անփոփոխ մուննաթով պատվաստում քարոզել։ Դա արվում է գրագետ ու նպատակային աշխատանքով։
Ընդդիմությունը նույնպես այստեղ ունի անելիք։ Թեման հանրային առողջությունն է, մարդկանց կյանքերը, խնդիրը բոլորի տներում է։ Ընդդիմությունը չի կարող անմասնակից մնալ և իր դերակատարումը տեսնել միայն ՍԴ դիմելով։ Սա թեմա է, որի շուրջ ընդդիմությունը պետք է խոսի հասարակության հետ, հանդիպի գյուղերում, բակերում, դահլիճներում, բացատրի՝ իր վրա վերցնի որոշակի առաքելություն։ Այդպես են դառնում վստահելի միավոր, ձեռք բերում լայն սոցիալական բազա։ ՍԴ դիմելով ո´չ հիվանդներն են քչանալու, ո´չ մահերը, ոչ էլ ընդդմիության կշիռն է բարձրանալու հանրության մեջ։
Եվ վերջապես՝ հրապարակեք պետության առաջին 50 պաշտոնյաների պատվաստումն ապացուցող փաստեր և, որ շատ կարևոր է, ո´վ ինչ պատվաստանյութ է ստացել։
Հանրային կարևոր պրոցեսներ նաև նման քայլերով են տանում՝ հենվելով թափանցիկության և վստահության վրա։