08/10/2021 13:35
«Հայրենիքը կադաստրային արժեքներով չեն չափում, որևէ մեկը նման պատկերացում չունի»․ իշխող խմբակցության պատգամավորը մեկնաբանել է Շուշիի մասին Փաշինյանի հայտարարությունը (Տեսանյութ)
«Հայրենիքը կադաստրային արժեքներով չեն չափում, որևէ մեկը նման պնդում չի արել», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք հայրենիքը, հայրենիքի քաղաքները «կադաստրային արժեքով», շենք-շինություններով գնահատել և համարել, որ եթե Շուշիում բնակելի շենք չի կառուցվել, ուրեմն այն կարելի է հանձնել, կամ օրինակ, եթե Չարենցավանում բնակելի նոր շենք չի կառուցվել, Չարենցավանը հանձնելու վտանգ կա։
«Որևէ մեկը նման պատկերացում չունի հայրենիքի մասին», - շարունակեց Թունյանը։ Նա կարծիք հայտնեց նաև, որ հայրենիքը միայն ելույթներով, կենացներով չեն սիրում։
«Հայրենիքը սիրելն արտահայտվում է նաև այդ հայրենիքն ավելի բարեկեցիկ դարձնելով, ինչը չափվում է որոշակի ցուցանիշներով, այդ թվում՝ ներդրումների չափերով, կադաստրային արժեքներով և այլն», - ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը։
Բաբկեն Թունյանը հավելեց, որ Չարենցավանը «հանձնելու» մասին մեկնաբանություն չունի։