08/10/2021 14:30
Որպես փորձագետ՝ կարծում եմ, որ հակամարտությունն ավարտված չէ՝ անկախ նրանից՝ մեզ Փաշինյա՞նն է դուր գալիս, Ալիև՞ը, թե՞ մեկ այլ ոք․ Սերգեյ Մարկեդոնով
«Ոչ այն պատճառով, որ այժմ Հայաստանում եմ կամ, ինչպես ոմանք են համարում՝ հայամետ դիրքորոշում ունեմ, դա թողնենք նրանց խղճին, այլ որպես փորձագետ՝ ես կարծում եմ, որ հակամարտությունն ավարտված չէ»,- Երևանում կազմակերպված «Կովկասը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի պնդմանը, թե պատերազմի ելքով հակամարտությունն ավարտվել է։
Հակամարտության իրական ավարտն, ըստ քաղաքագետի, խաղաղության համաձայնագրով է նշանավորվում։
«Պետք է չափորոշիչներ սահմանել, ոչ թե հիմք ընդունել, թե մեզ Փաշինյա՞նն է դուր գալիս, Ալիև՞ը, թե՞ մեկ այլ ոք, այլ սահմանել չափորոշիչներ․ ի՞նչն ենք համարում հակամարտության ավատ։ Ավարտը խաղաղության համաձայնագիրն է, որը քիչ, թե շատ, լեգիտիմ կհամարվի երկու երկրների հասարակությունների կողմից»,- ասել է Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա կարծիքով՝ այդ լեգիտիմության մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պարագայում։
«Մենք այդ լեգիտիմությունը չենք տեսնում, ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունից դժգոհ մարդիկ ելույթներ են ունենում, բողոքի ալիք կա, ցույցեր են անում: Ադրբեջանում վիճակն այդ առումով ավելի բարդ է: Փառք Աստծո, կան բլոգեր, որտեղ կարդում ենք. «Գողացված հաղթանակ», «Մեզ թույլ չտվեցին վերցնել Ստեփանակերտը»,«Ի՞նչ են անում մեր տարածքում օտարերկրյա զինվորները»: Կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական հասարակությունը լիովին ընդունել է պատերազմի արդյունքները: Իհարկե, ոչ: Լիովին և մինչև վերջ չի ընդունել: Ես հասկանում եմ Իլհամ Ալիևի տրամաբանությունը: Եթե ես լինեի Իլհամ Ալիևի փոխարեն, ես էլ կասեի. «Վերջ, ամեն ինչ ավարտված է, ես մտա պատմության մեջ, պատմության դասագրքերում եմ»։ Նրա տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, բայց չի կարելի ասել, թե հակամարտությունը դրանով ավարտվել է», - ընդգծել է Մարկեդոնովը:
Քաղաքագետը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, միևնույն է, բաց է մնում։
«Իսկ Մինսկի խումբը չի՞ ասում, որ կարգավիճակը մինչև վերջ հստակեցված չէ: Ասում է: Քանի դեռ այդ հարցերը լուծված չեն, չենք կարող խոսել հակամարտության ավարտված լինելու մասին», ասել է Մարկեդոնովը։