08/10/2021 16:21
«Չհասկացանք, թե ծխախոտի պատմությունն ինչ եղավ, ադամանդի բիզնեսը, ավիաընկերությունները, որոնք բացում, փակում են, զրահաբաճկոնները, որոնք 10 անգամ թանկ՝ բերել էին պատերազմի ժամանակ»․ Աննա Մկրտչյան
«Սրանք ուզում էին ստանալ իրենց համար հաճելի մթնոլորտ և միջավայր ԱԺ-ում, ուզում էին, որպեսզի իրենց ոչ ոք չհիշեցնի երկրի պրոբլեմների մասին, ոչ ոք չհիշատակի Արցախը, ոչ ոք չասի, որ ՀՀ անվտանգությունը վտանգել է Նիկոլը», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով իշխանության գործելաոճին և պատասխանատվությունից խուսափելու փորձերին։
Պատգամավորն ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչներն ու, մասնավորապես, կառավարության ղեկավարը, յուրաքանչյուր խնդրին ու բարձրացված հարցին ի պատասխան՝ նախկինում «կոռուպցիայի» մասին իրենց շարունակական պնդումներն անելիս «մոռանում» են որոշ հստակ հանգամանքներ։
«Երբ իրենք անընդհատ խոսում են «կոռուպցիոն գործարքների» մասին, ամենաշատը հենց իրենք են կոռուպցիայի մեջ թաթախված։ Չհասկացանք, թե այդ ծխախոտի խնդիրն ինչ եղավ՝ Վրաստանում առկա քրեական գործը, Ռուսաստանում առկա քրեական գործը, ադամանդների անհասկանալի բիզնեսը, այդ ավիաընկերությունները, որոնք բացում, փակում են, և չես հասկանում, թե ինչու, այդ զրահաբաճկոնները, որոնք 10 անգամ թանկ՝ բերել էին պատերազմի ժամանակ»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև անվտանգության խնդրին։
«ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից՝ այդ մասին բարձրաձայնում են, թե ոչ, վստահ գիտեն, որ Նիկոլը կապիտուլյանտ է, եկավ Արցախը հանձնելու, մոռացության մատնելու Արցախը։ Հիմա հաջորդ փուլին ենք հասել․ ուզում է ուղղակի մոռացության մատնել «Հայաստանի Հանրապետության անվտանգություն» եզրույթը, ուզում է, որպեսզի բոլորս համակերպվենք, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է գոյություն ունենալ նաև առանց անվտանգության, մեզ լրացուցիչ գործողություններ պետք չեն։ Ըստ էության, այն, ինչն ասում է Ալիևը, Փաշինյանը կամաց-կամաց կյանքի է կոչում», - ասաց Աննա Մկրտչյանը։