08/10/2021 17:14
«3+3» ֆորմատի նախաձեռնողը Թուրքիան է, փորձում է փոխել Արցախի հարցի կարգավորման ձևաչափը. Վիգեն Հակոբյան
««3+3» ձևաչափը մի տարբերակ է, որի վերջնական կոնցեպտը ոչ մեկին պարզ չէ: Մի բան հստակ է, որ այդ ձևաչափի նախաձեռնողը Թուրքիան էր, որը փորձում է տարածաշրջան մտնել և նոր կոնֆիգուրացիա ստեղծել՝ ռեգիոնալ բոլոր խնդիրներում իր անմիջական մասնակցությունն ապահովելու համար»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:
««3+3» ֆորմատը նախաձեռնվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը և Թուրքիան փորձեցին փոխել Արցախի հարցի կարգավորման տարբերակը՝ Մինսկի խմբի փոխարեն ստեղծել մի այլ ֆորմատ, որին կմասնակցի Թուրքիան, որովհետև այլ տարբերակով նրան տասնամյակներ շարունակ չի հաջողվում մտնել այդ պրոցեսի մեջ որպես ակտիվ դերակատար: Բոլոր երկրները չեն, որ կողմ են այս ֆորմատին։ Իրանը լրջագույն վերապահումներ կունենա, այդ ձևաչափը ցանկալի չէ նաև Ռուսաստանի համար։
Քանի որ նման որոոշումներն ընդունվում են բոլոր կողմերի համաձայնությամբ, ապա տարբեր տակտիկական հնարավորութուններ կան ուրիշի միջոցով մերժում ապահովվելու, օրինակ՝ Ռուսաստանը Թուրքիային չի մերժում, բայց մերժում է Իրանը կամ Հայաստանը, և այդ ֆորմատը չի գործի», - նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի այն հայտարարությանը, որ Վրաստանը դեմ չէ «3+3» ձևաչափին մասնակցությանը, սակայն կարևոր է ունենալ հստակ դիրքորոշում, որ իրենց երկրի շահերը չտուժեն, քաղաքագետը նկատեց, որ հայտարարությունից պարզ է դառնում, որ պատրաստ են մասնակցել քննարկումներին, բայց՝ ինչ որոշում կկայացնեն, հստակ չէ, քանի որ ձևաչափում մասնակցելու համար ամեն երկիր պետք է հաշվի առնի իր օգուտը, վնասը և պոտենցիալ վտանգները:
«Ասել, որ համաձայն են քննարկմանը, չի նշանակում, որ ձևաչափին կմասնակցեն։ Այս պարագայում շատ կարևոր են Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները: Միանշանակ է՝ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները պետք է խորը մտածեն՝ որ ճանապարհով են գնում, և «3+3» ձևաչափը ինչ ֆունկցիաներ է կատարելու: Եթե մեր նախապատվությունը Մինսկի խումբն է, «3+3»-ն արդյո՞ք առնչություն ունենալու է Արցախի հարցի վերջնական կարգավորմանը, թե՝ ոչ, և ի՞նչ է դրա տակ թաքնված: Շատ բան է կախված պաշտոնական Թեհրանի դիրքորոշումից, քանի որ Իրանի դիվանագիտությունը բավականին լուրջ հիմքերի և խորը վերլուծությունների վրա է հիմնված», - ընդգծեց քաղաքագետը: