08/10/2021 20:50
Դատապարտելի է կառավարության ղեկավարի գռեհիկ ոճը․ իշխանությունը պետք է հիմնվի օրենքի և իրավունքի վրա․ ՄԻ առաջին պաշտպան
«Մերժելի և դատապարտելի է այն գռեհիկ ձևը, որով կառավարության ղեկավարն արտահայտում է իր մտքերը: Եթե անգամ հանրության համար ամենալավ բանն էլ այդկերպ ներկայացվի, դա արդեն սխալ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով պատվաստումների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
«Իշխանություններն այնպես պետք է անեն, որ այդ կարևոր միջոցառումը տեղի ունենա իրավական դաշտում, ոչ թե պարտադրանքով կամ ստիպողաբար: Պետք է կարողանան Սահմանադրությունը չխախտելով՝ համոզել հասարակությանը: Այստեղ վստահության պակաս կա: Նրանց քայլերն այնքան վստահ պետք է լինեն, որ գործը չհասնի նման կոպտագույն խոսքերի։ Տվյալ դեպքում իշխանության ընտրած ձևը մերժելի ու դատապարտելի է: Դա ուղղակի անթույլատրելի է: Քաղաքացիները պետք է պահանջեն, որ այն ամենը, ինչն արտահայտվում է բանավոր, անպայման ունենա գրավոր պոզիտիվ իրավունքի նորմեր, որ դա էլ չլինի Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների նման մի բան», - նշել է Լարիսա Ալավերդյանը:
Դիտարկմանը, որ Առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստվածների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու հարցը, մինչդեռ ԵԽԽՎ-ն նոր բանաձևում հստակ նշում է, որ պատվաստումը պարտադիր չէ և չի կարող իրականացվել քաղաքական կամ սոցիալական ճնշման ներքո, Լարիսա Ալավերդյանը արձագանքել է՝ կառավարության կողմից նման հայտարարություն անելն ինքնին հակասահմանադրական է:
Ըստ նրա՝ այս դեպքում ցուցադրաբար խախտվում են իրավական պետության սկզբունքներն ու նորմերը: Եթե անգամ որևէ բան իրականացվում է հօգուտ հասարակության, ապա նախ իշխանությունը պետք է կարողանա իր կառավարման մեթոդներով համոզել ու վստահություն ձեռք բերել քաղաքացիների կողմից, ինչպես նաև հիմնվել օրենքի և իրավունքի վրա:
«ԵԽԽՎ-ն երբեք չի հանդուրժելու խտրական վերաբերմունքը պատվաստված ու չպատվաստված քաղաքացիների բուժման հետ կապված: Իշխանությունների գործողություններն անօգնականության մասին են վկայում: Այնքան պրիմիտիվ, ոչ հետևողական են: Նրանք հասարակության մոտ իրենց նկատմամբ վստահությունը վերականգնելու խնդիր ունեն», - ասել է Լարիսա Ալավերդյանը: