08/10/2021 15:21
«Նոր ատոմակայան ու պղնձաձուլարան կառուցելու մասին Փաշինյանի հայտարարությունը պոպուլիզմ է, դրանով նա փորձում է արդարացնել կառավարության՝ ԶՊՄԿ-ի համասեփականատեր դառնալու փաստը»․ էներգետիկայի մասնագետ
«Այդ ծրագիրը ռեալ չէ: Նախ՝ խոսքը չի կարող նոր ատոմակայանի մասին լինել, հավանաբար, նոր ռեակտորի մասին է: 1 ռեակտորի գինը 5.5 մլրդ դոլար է: Խոսքը ռուսական ռեակտորների մասին է՝ ամենափոքրը 1000 մեգավատտ: Հետևաբար՝ 1000 մեգավատտանոց 1 ռեակտոր կառուցելու համար պետք է 5.5 մլրդ դոլար գումար: Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը, այն էլ՝ մասնավորը, ներդրում անի, որովհետև այդ գումարների հետբերելիությունը շատ քիչ է, այսինքն՝ անհնար է: Հայաստանի շուկան շատ փոքր է, որ դու 5 մլրդ դոլարի ատոմակայան կառուցես, հետո աշխատեցնես և այդ գումարը հետ բերես»,- անդրադառնալով նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը՝ 168.am-ի հետ զրույցում։
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցելու շուրջ բանակցություններ են ընթանում: Փաշինյանն այդ հայտարարությունն արել էր կառավարության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» համասեփականատեր դառնալու համատեքստում:
Արմեն Մանվելյանը Փաշինյանի հայտարարությունը պոպուլիստական է որակել։
«Հայաստանում էլեկտրաէներգիան բավականին էժան է՝ համեմատած տարածաշրջանային մյուս երկրների: Բացի այդ, միջուկային էներգետիկայի շուկան մոնոպոլիզացված է: Եթե մենք աշխատեցնենք, պետք է ռուսական ռեակտոր կառուցենք, որովհետև մեր Մեծամորի ատոմակայանը պատրաստի ինֆրաստրուկտուրա ունի. կարելի է բերել՝ նոր ռեակտոր կառուցել: Բայց դրա համար պետք է ռուսական իշխանությունների հետ գալ համաձայնության։ Սռանց դրա հնարավոր չէ: Այսինքն՝ բավականին մեծ թվով այլ տիպի հարցեր են առաջանում՝ սկսած նրանից, որ այնտեղ կան սարքեր և սարքավորումներ, որոնք Հայաստան բերելը շատ բարդ է: Տեխնիկական շատ խնդիրներ կան: Այս պահին ամենաճիշտ ճանապարհը հին ռեակտորի մոդեռնիզացումն է, որը 10 տարի մեզ կբավականացնի, դրանից հետո կարելի է ևս 10 տարով երկարացնել դրա կյանքը: Այդպիսի համաշխարհային փորձ կա»,- ընդգծել է նա:
Մասնագետի խոսքով՝ եթե անգամ էլեկտրաէներգիայի արտահանման նպատակով կառուցվի նոր ատոմակայան, ապա այսօր Հայաստանը դրա հնարավորությունը չունի։
«Դեպի Իրան կառուցվող բարձրավոլտը կիսատ-պռատ վիճակում է, դեպի Վրաստան կառուցվողը, որով պետք է Ռուսաստան արտահանվեր, գործընթացը ընդհանրապես կանգնեցված է: Եթե ունենայինք արտահանման հնարավորություն, ապա տեսականորեն հնարավորություն կա, որ այն դառնար գրավիչ դեպի Ռուսաստան և դեպի Իրան արտահանելու համար: Բայց այս պահին մենք նման հնարավորություն չունենք: Փաշինյանի այդ հայտարարությունը պոպուլիզմի բնագավառից է. հիշում եք՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ էլ էր Նիկոլը հայտարարել, որ ուզում են նոր ատոմակայան կառուցել, իսկ Պուտինը դրա վերաբերյալ ոչինչ չասաց: Իրենք կարող են անընդհատ նման հայտարարություններ անել: Ի դեպ, դա վերաբերում է նաև նոր պղնձաձուլարանի կառուցմանը. Ես չեմ հավատում, որ դա հնարավոր է: Աշխարհում պղնձի ձուլման գործընթացը էլի մոնոպոլիզացված է: Եվրոպայում դրանով զբաղվում է Գերմանիան, Ասիայում դրանով զբաղվում է Չինաստանը, մասամբ՝ Ռուսաստանը, ամենախոշորն ԱՄՆ-ն է: Այսինքն՝ այդ երկրները քեզ թույլ չեն տա ունենալ սեփական պղնձաձուլարան: Պլյուս՝ պղնձի հումքը մենք արտահանում ենք Եվրոպա։ Հիմնականում գերմանացիներն են առնում, իրենք էլ այդ ձուլումը կատարում են, ինչը բավականին էժանացնում է գները: Այսինքն՝ դժվար թե Հայաստանի հումքի պայմաններում մրցունակ լինի համաշխարհային շուկայում: Ես դրա հեռանկարին էլ առանձնապես չեմ հավատում», ասել է Արմեն Մանվելյանը։
Նրա կարծիքով այդ հայտարարություններով իշխանությունները փորձում են պարզապես արդարացնել կառավարության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» համասեփականատեր դառնալու փաստը: