08/10/2021 17:07
«Կորոնավիրուսի բուժումը 150 000 դրամը չի կարող գերազանցել, 700 000 դրամն աբսուրդ է»․ բժիշկը՝ միջին ծանրության հիվանդների բուժման մասին
Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն դեպքերին, երբ մարդը պատվաստվելուց հետո հայտնաբերում է, որ հիվանդ է կորոնավիրուսով։
«Կորոնավիրուսը համարվում է սուր վարակ, այսինքն՝ մարդը, չիմանալով, որ երկու օր առաջ վարակվել է կորոնավիրուսով, պատվաստվում է, ու դրանից հետո այն ավելի սուր է արտահայտվում, քանի որ արդեն ներխուժել են իմուն համակարգ։ Հետևաբար, այս դեպքում վարակվելու ընթացքն ավելի ծանր են տանում, քան, եթե չպատվաստվեին», - ասել է բժիշկը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակներից խուսափելու համար պատվաստվելուց առաջ մարդկանց պետք է թեստավորեն։ Բացի այդ, եթե աիր նշած տեղեկատվությունը տրամադրվի մարդկանց, նրանք, ովքեր պատվաստվելուց հետո վարակվել են, իրենց հարևաններին ու բարեկամներին չեն հորդորի, որպեսզի չպատվաստվեն։
Սուր հրահանգների և կոշտ ցուցումների փոխարեն բնակչությանը հստակ տեղեկատվություն տրամադրելը բժիշկը նախընտրելի է համարել նաև մեկ այլ պարագայում՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որ եթե պատվաստվելուց հրաժարված մարդիկ վարակվեն կորոնավիրուսով, ապա նրանց բուժումը պետպատվերի շրջանակներում չի լինի և կարժենա 700.000 դրամ կամ ավելին։
«Ինքս 5000-ից ավելի հիվանդ եմ բուժել։ Այդ հիվանդներն ինձ ուղղակի դիմել են ամբուլատոր և իրենց հաշվին բուժվել են, նրանց բուժումը կազմել է մաքսիմումը 100.000 դրամ։ Խոսքը միջին ծանրության հիվանդների բուժման մասին է, ոչ թե հոսպիտալիզացվածների։ Խոսքն այն հիվանդների մասին է, որոնք կարող էին լինել հիվանդանոցում, բայց ոչ վերակենդանացման բաժանմունքում, այսինքն՝ թթվածնակախյալներն էլ են մտնում իմ ասածի մեջ։ Հաշվարկը շատ պարզ է, ԿՏ-ն 25.000 դրամ է, 25-30.000 դրամի անալիզներն են, թող 50.000 դրամ էլ դեղերը լինեն, թող մի 50.000 դրամ էլ ստացիոնարում գնա․ գումարը 150.000 դրամը չի կարող գերազանցել։ 700.000 դրամն աբսուրդ է։ Ավելի լավ է՝ մարդկանց ճիշտ բացատրեն, ոչ թե ասեն՝ կփռենք ասֆալտին։ Այդ բառերը ճիշտ չեն, չեն աշխատելու, դրանք ըմբոստության մեծ ալիք են առաջացնելու», - ասել է Լամարա Մանուկյանը։