08/10/2021 13:04
«Ցանկությունը հենց այդպիսին է՝ Աստված ոչ անի, եթե պատերազմ լինի, հույսը դնենք մեզ վրա». Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությամբ 10-ից ավելի ընկերություն է զբաղվում
Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությամբ 10-ից ավելի ընկերություն է զբաղվում ու ուշադրության կենտրոնում է, որ երկիրն ունենա սերիական կամ մասսայական արտադրության ԱԹՍ։
«Մենք սերիական կամ մասսայական արտադրություն չունենք, բայց, որ աշխատում են, որ, իրականում, այդ բնագավառում հաջողություններ կա, ինձ թույլ չեմ տա ավելին ասել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Նա ասաց, թե պաշտպանության նախարարության հետ միասնական համագործակցության մեջ են ու այս հարցն իրենց օրակարգում առաջնային է։
«Այն, որ չունենք սերիական կամ մասսայական արտադրություն, որպես նախարար, այդ հարցն իմ օրակարգում դրված է, փորձենք համատեղ ինչով կարող ենք օգտակար լինել, որովհետև պահանջը շատ մեծ է», - ասաց նախարարը։
Անդրադառնալով ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործին՝ Խաչատուրյանն ասաց, թե քրեական գործը, որը հարուցված է հիմա, վերաբերում է բոլորին։
«Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ գործի մեջ, շատ ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունցել, համապատասխան մարմինները զբաղվում են, բայց հիմա մեր կողմից, պաշտպանության նախարարության կողմից պահանջը շատ խիստ է, նույնիսկ, ինչ-որ տեղ չափից ավելի են պահանջները, բայց ուրիշ ձև չի էլ կարող լինել։ Մենք գերադասում ենք տեղական արտադրության արտադրանք ստանալ ու ուզում ենք այնպիսի միջավայր ստեղծենք, որ սկսենք տեղական արտադրանք թողարկել, շատ դժվար է, բայց պետք է անենք», - ասաց նա։
Հարցին՝ եթե կրկին պատերազմ լինի, Հայաստանը կարո՞ղ է ԱԹՍ-ների առումով հույսն իր վրա դնել ու այլ երկրներից աջակցության կարիք չունենալ, Վահագն Խաչատուրյանն ասաց, թե հիմա նման գնահատական տալը միանշանակ ճիշտ չէ, բայց նպատակը դա է։
«Աշխատում ենք այդ ուղղությամբ՝ և մենք, և պաշտպանության նախարարությունը, և կառավարությունը։ Խնդիրը, որ մեր առջև դրված է, հենց այդ նպատակն է հետապնդում ու ամենօրյա ռեժիմով մենք հետևում ենք ու ուզում ենք հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ կան, որ այդ խնդիրները լուծենք։ Ցանկությունը հենց այդպիսին է՝ Աստված ոչ անի, եթե պատերազմ լինի, այդ առումով հույսը դնենք մեզ վրա։ Մենք այս ներքին պոտենցիալը ունենք, հատկապես, գիտական մտքի առումով, իրականացման մեխանիզմներն է, որ պետք է կարողանանք արտադրական հոսքի վրա դնել, որ բոլոր պահանջները բավարարվի ու իմանանք, որ արդեն այդ հարցը լուծելի է։ Պետք է նշեմ, որ այս պահին 10-ից ավելի ընկերություն է զբաղվում ԱԹՍ-ների արտադրությամբ», - նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։