09/10/2021 14:35
Եթե հանրային ծառայողների մի ստվար մաս որոշել է չպատվաստվել՝ բռնի, բիրտ ճնշման ներքո, նրանց պետք է ուղարկեն տու՞ն, դրա շարունակությունը ո՞րն է լինելու․ Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ զրույցում ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանն անդրադարձել է հարցին, թե կա՞ն արդյոք հիմքեր, որոնք հնարավորություն կտան պետական ծառայողին ազատել աշխատանքից, եթե նա չի ցանկանում պատվաստվել։ Օրեր առաջ, կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե պետական կառավարման համակարգում չպետք է լինի որևէ մարդ, որը պատվաստված չլինի։
««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում են սահմանված հիմքերը, և քաղաքացիական ծառայության համակարգում աշխատանքից ազատման նման հիմք չկա»,- ասել է Քաղծառայության խորհրդի նախկին նախագահը։
Նա, սակայն, մեկ այլ հանգամանք է մատնանշել։
«Որքանով տեղյակ եմ, վերջին օրերին Արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է պատրաստում, և ինձ համար դա շատ տարօրինակ, զարմանալի և անընդունելի է, որովհետև նման հիմքով պրոֆեսիոնալ մարդուն, հանրային, պետական, քաղաքացիական ծառայողին աշխատանքից ազատելը խոսում է այն մասին, որ պետական ինստիտուտները զբաղված են դիլետանտությամբ և իրենց պարտականությունները, իրենց գործառույթներն անելու փոխարեն նման վայրի մեթոդների են դիմում։ Ես ինձ թույլ եմ տալիս այդ բառն օգտագործել, որովհետև պատվաստվելու ընթացակարգը, պատվաստվելու նկատմամբ քաղաքացու, ոչ միայն քաղաքացիական ծառայողի վերաբերմունքը նման միջոցներով չպետք է լինի»,- ասել է նա։
Մանվել Բադալյանը հարց է բարձրացրել նաև, թե կառավարությունը մտածե՞լ է պետական կառավարման համակարգում ընդգրկվածներին, հանրային ծառայողներին փաստացի հարկադրանքի առաջ կանգնեցնելու հետևանքների մասին։
«Իսկ եթե հանրային ծառայողների մի ստվար մաս որոշել է չպատվաստվել՝ բռնի, բիրտ ճնշման ներքո, այդ դեպքում ի՞նչ պետք է անեն․ կառավարման համակարգի մարդկանց պետք է ուղարկեն իրենց տնե՞րը և ի՞նչ անեն։ Դրա շարունակությունը ո՞րն է լինելու»,- ասել է նա։