09/10/2021 11:20
«Եթե այդպիսի հայտարարություն աներ նորմալ երկրի ղեկավարը, տարօրինակ կլիներ․այս անձի դեպքում տարօրինակ չէ»․ իրավապաշտպանն արձագանքել է պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
«Եթե այդպիսի հայտարարություն աներ նորմալ երկրի ղեկավարը, դա տարօրինակ կլիներ։ Այս անձի դեպքում տարօրինակ չէ։ Շատ ավելի կզարմանայի, եթե նա իրավաչափորեն ասեր, որ դա պարտադիր չէ, բայց պետք է ամեն կերպ խրախուսել․ գնացեք, մարդկանց համոզեք, որ դա լավ է, ովքեր հակափաստարկներ են բերում, գնացեք և ցույց տվեք, որ դրանք չափազանցված են և այլն։ Եթե այդպես ասեր, կզարմանայի, որովհետև դա բնորոշ չէ այդ անձին»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ արձագանքելով պատվաստումների վերաբերյալ Փաշինյանի աղմկահարույց վերջին հայտարարություններին, երբ նա կոշտ տոնով հրահանգել էր, որ պետական ապարատում չպետք է լինի որևէ չպատվաստված անձ։
Իրավապաշտպանը նշել է, որ բոլոր երկրներն են Քովիդի դեմ պայքարում պատվաստումների միջոցով, սակայն պետք է ընդունել ու ճանաչել քաղաքացու իրավունքն ու հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ յուրաքանչյուր անձ կամովին պետք է որոշում կայացնի, իսկ պատվաստումները խրախուսելու համար իշխանությունները պետք է պարզապես քաղաքակիրթ երկխոսեն քաղաքացիների հետ։
«Խնդիրն այն է, որ որքան էլ իշխանությունները խոսում են լեգիտիմությունից՝ մենք լեգիտիմ ենք, այսքան տոկոս ենք հավաքել և այլն, բա ինչպե՞ս եղավ, որ մարդիկ ձեզ չեն հավատում։ Ինչու՞ մարդիկ ձեզ չեն հավատում։ Նիկոլ Փաշինյանին ձայն տված մարդիկ այնպիսի բաներ են ասում պատվաստումների մասին, որ ես ինքս եմ առարկում, ասում՝ այդպես չէ, մի ծայրահեղացրեք։ Այսինքն, սա հերթական ապացույցն է, որ այդ լեգիտիմության մասին խոսակցությունները միֆ են։ Եթե լեգիտիմությունն իսկապես լիներ, ապա որևէ խնդիր չէր լինի, կառավարության նիստի այդ «հարայ-հրոցի» առիթը չէր լինի»,- ասել է Ռուբեն Մելիքյանը։