09/10/2021 20:15
Արցախցի պարուհիները միջազգային առաջնությունից հաղթանակներով են վերադարձել․ առաջին պատվավոր տեղն զբաղեցրել է Լանա Աղասյանը
Հոկտեմբերի 2-3-ը Սոչիում կայացած պարի գավաթի առաջնությունում արցախցիները մրցանակային տեղեր են զբաղեցրել, «Արցախպրես»-ին հայտնել է Ստեփանակերտի քաղաքային Մշակույթի տան «Էլֆ» պարային ստուդիայի ղեկավար և պարուսույց Էլեոնորա Հակոբյանը:
«Արցախից պարի գավաթի առաջնությանը մասնակցել են «Էլֆ» և «Ֆուեգո» պարային ստուդիաների 12 սաներ: Առաջին պատվավոր տեղն զբաղեցրել է Լանա Աղասյանը և պարգևատրվել գավաթով, պատվոգրով և մեդալով:
Լավ արդյունքներ ցուցաբերած Վալերիա Մովսիսյանը և Ռիտա Սաֆարյանը բարձր բալերով մեդալների են արժանացել: Իսկ «Ֆուեգո» պարային ստուդիայի զույգը տարբեր անվանակարգերում զբաղեցրել է երկրորդ և երրորդ տեղերը»,- ասել է պարուսույցը։
Նա նշել է, որ այս արդյունքները հաճելիորեն հուզել են բոլորին:
«Մեծ պատիվ էր մեզ համար Արցախի Հանրապետության դրոշի բարձացումը նման միջազգային առաջնությունում, որն ուներ տարբեր երկրներից 1000-ից ավելի մասնակից»,- նշել է Էլեոնորա Հակոբյանը: