11/10/2021 13:17
Ինչպե՞ս է ստացվում, որ «խաղաղության օրակարգ» ձևավորելու, թշնամուն թշնամի չասելու մանդատ ստացած իշխանությունը չի կարողանում վստահություն վայելել հանրության մոտ՝ պատվաստումների հարցում․ Վարդևանյան
«Ինչպե՞ս է ստացվում, որ «խաղաղության օրակարգ» ձևավորելու, թշնամուն թշնամի չասելու մանդատ ստացած իշխանությունը չի կարողանում վստահություն վայելել հանրության մոտ՝ պատվաստումների հետ կապված հարցում։ Կարող եմ ասել, որ այն վստահության մակարդակը, որն իրենք փորձում են ներկայացնել, չունեն», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դատապարտելով հասարակության հետ սպառնալիքի լեզվով խոսելու՝ կառավարության ղեկավարի գործելաոճը։
«Պետք է հանրությանը ներկայացնել՝ ինչու է կարևոր պատվաստվելը», - ասաց պատգամավորը՝ անհրաժեշտ համարելով հանրության հետ քաղաքակիրթ հաղորդակցությունը։
«Ուսումնասիրել եմ, օրինակ՝ Դանիայում ինչպես են դա արել։ Դանիայում անհամաչափ, ոչ իրավաչափ, հակասահմանադրական միջոցներով մարդկանց չեն ստիպել կամ հարկադրել, որ պատվաստվեն, այլ ճիշտ կոմունիկացիա են իրականացրել։ Ի՞նչ ենք տեսնում հայկական իրականությունում․ մարդկանց հետ արդեն խոսում են ձերբակալել, կալանավորելու լեզվով», - ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ պատվաստման հարկադրանքը ՍԴ-ում վիճարկելով իրենք, որպես ընդդիմադիր ուժ, ոչ թե դեմ են հանդես գալիս գործընթացին, այլ ցանկանում են ամրագրել, որ պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի։
«Վերջերս հայտարարեցի, որ չկա մի եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը հարկադիր ճանապարհով լինի։ Նկատեցի, որ փաստերի ստուգման հարթակում պնդում են արել, որ իմ այդ հայտարարությունը սխալ է։ Ակնկալում եմ, որ սեղմ ժամկետում իրենց այդ հայտարարությունը կխմբագրեն, որովհետև այնտեղ բերում են եվրոպական երկրների օրինակներ, որոնցից ոչ մեկում պատվաստումը հարկադիր չէ», - ասաց Արամ Վարդևանյանը։