11/10/2021 13:52
Դատախազությունը պետք է դիտարկի Փաշինյանի հայտարարությունը, այն մտնում է քրեաիրավական տիրույթ․ Վարդևանյան
«Խայտառակություն էր և, իհարկե, իրավաչափ չէր», - կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության վերաբերյալ ճեպազրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Փաշինյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ պետական համակարգում չպետք է լինի մարդ, որը պատվաստված չլինի։
«Հանրային ծառայողներին և ՀՀ քաղաքացիներին պետք է հորդորել, որ պատվաստվեն։ Բայց ասել՝ եթե դու չես պատվաստվել, քեզ աշխատանքից պետք է հանեն, ու ամեն մեկդ գլխով էլ պատասխան եք տալու, սա արդեն ոչ թե իրավաչափության սահմաններից է դուրս, այլ արդեն մուտք է գործում դեպի քրեաիրավական տիրույթ։ Ես, օրինակ, կարծում եմ՝ դատախազությունը պետք է առնվազն դիտարկի այդ հայտարարության քրեաիրավական առնչության հարցը, որովհետև չկա որևէ պաշտնյա, որը հանրային ծառայողին կարող է ասել՝ եթե դու սա չարեցիր, ընդ որում, դա օրենքով նախատեսված չէ, ուրեմն քեզ պետք է գործից հանենք։ Չէ՞ որ, ի վերջո, կարող է լինել իրավիճակ, որ հանրային ծառայողներից մեկն ունենա պատվաստման հակացուցում, որ, ենթադրենք, պատվաստվելուց հետո շատ ավելի բարդ իրավիճակ ստեղծվի», - ընդգծեց պատգամավորը։
Նա հիշեցրեց նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին է նման դեպքերը բացառություն համարում։
«Ի՞նչ է նշանակում՝ բոլորը պետք է լինեն պատվաստված, թե չէ՝ գլխով են պատասխան տալու։ ԵԽԽՎ բանաձևն էլ հենց վերջերս է ընդունվել, որ հարկադրանքի լեզուն բացառվում է», - ասաց Արամ Վարդևանյանը։