11/10/2021 13:45
Չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներին չի թույլատրվի ներկայանալ աշխատանքի. պարտականությունները չկատարելու դեպքում աշխատավարձ չեն ստանա, նաև՝ կազատվեն աշխատանքից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել լրացումներ և փոփոխություն կատարել, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չի ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։
«Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»,-նշված է նախագծում։
Գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։
Նշվում է նաև, որ կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։
«Ներկայում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ:
Այսպես, օգոստոսի վիճակագրական պատկերը հետևյալն է.
1) առաջին շաբաթվա ընթացքում (01-07.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 1,818 դեպք՝ կատարված 43,897 թեստավորումներից (4.14%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 31.
2) երկրորդ շաբաթվա ընթացքում (08-14.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 2,401 դեպք՝ կատարված 40,281 թեստավորումներից (5.96%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 45.
3) երրորդ շաբաթվա ընթացքում (15-21.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 3,076 դեպք՝ կատարված 46,082 թեստավորումներից (6.67%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 57.
4) չորրորդ շաբաթվա կեսի դրությամբ (22-29.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 3,702 դեպք՝ կատարված 42,890 թեստավորումներից (8.63%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 71:
Ընդամենը՝ 10,997 դեպք, 173,150 (6.35%) թեստավորում, 204 մահվան դեպք»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։