11/10/2021 13:33
«Խնդիրն այն չէ, որ մենք վատ ենք վերաբերվում Հայաստանին․ Վրաստանին պետք են ինչ-որ երաշխիքներ»․ վրացի քաղաքագետը՝ Աբխազական երկաթգծի բացման հնարավորության մասին
«Ես չգիտեմ՝ ինչպես է վարվել Վրաստանի իշխանությունը․ բացել է, թե չի բացել ճանապարհը, եկեք ես այդ հարցին չպատասխանեմ, բայց ես ցանկանում եմ նայել դեպի ապագան, ոչ թե դեպի անցյալը»,- պատասխանելով հարցին, թե ինչու՞ է 44-օրյա պատերազմի օրերին Վրաստանն արգելել իր տարածքով Հայաստան ռուսական զենքի մատակարարումն այն դեպքում, երբ թուրքական զենքը դեպի Ադրբեջան անցել է Վրաստանի տարածքով, ասել է «Հասարակական հետազոտությունների թբիլիսյան կենտրոնի» ղեկավար Մարինա Մուսխելիշվիլին՝ 24news.am-ին տված հարցազրույցում:
Քաղաքագետը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին ու աշխարհաքաղաքական փոփոխություններին, կարծիք է հայտնել, որ տարածաշրջանի զարգացման 30-ամյա ժամանակահատվածը սպառել է իրեն, եկել է ընդհանուր շահեր փնտրելու ժամանակը։
«Գուցե դա հավակնոտ է հնչում, բայց մենք այլընտրանք չունենք։ Պետք է ընդհանուր շահեր փնտրենք։ Մենք այս վիճակում չենք կարող մնալ, որովհետև այսպիսով պարզապես ապահովում ենք տարատեսակ ազդեցությունների մուտքը տարածաշրջան»,- ասել է Մարինա Մուսխելիշվիլին՝ չափազանց կարևորելով համագործակցությունը տարածաշրջանային երկրների միջև։
Քաղաքագետը պատասխանել է նաև հարցին, թե այն պարագայում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ համագործակցությունը, ելնելով Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ դիրքորոշումից, անհնար է, հնարավո՞ր է արդյոք համագործակցությունը Հայաստանի ու Վրաստանի միջև, օրինակ՝ Աբխազիայի միջոցով երկաթգծային հաղորդակցություն ապահովելով և յուրօրինակ տրանսպորտային հանգույց ստեղծելով Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի միջև։ Մարինա Մուսխելիշվիլին այստեղ առաջնային է համարել Ռուսաստանից Վրաստանի համար անվտանգության երաշխիքների առկայությունը։
«Պետք է հասկանալ, որ դա աշխարհաքաղաքականություն է։ Վրաստանի համար չափազանց կարևոր է պահպանել իր անկախությունը Ռուսաստանից այն դեպքում, երբ Ռուսաստանն անցյալ տարվանից իր ազդեցությունը Կովկասում մեծացրել է։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք դա չի՞ նպաստի, որ Վրաստանն ավելի շատ լինի Ռուսաստանի ազդեցության տիրույթում կամ տեղավորվու՞մ է արդյոք դա Վրաստանի շահերի ու հետաքրքրությունների շրջանակում։ Հաշվի առնելով ամբողջ իրավիճակը, այստեղ պետք են ինչ-որ երաշխիքներ։ Այսինքն, Վրաստանն իրեն ապահով պետք է զգա, ծայրահեղ դեպքում»,- ասել է նա։
Մարինա Մուսխելիշվիլին, միևնույն ժամանակ, շատ կարևոր է համարել Վրաստանի և Աբխազիայի միջև ենթակառուցվածքների և հաղորդակցության անհրաժեշտությունը՝ զուտ այն պատճառով, որպեսզի սահմանի հակառակ կողմերում գտնվողները միմյանց հետ շփվելու և կապի հնարավորություն ունենան, ինչից զրկված են՝ տարիներով, սակայն խնդիրը հասարակական հարթությունից ավելի վեր է դիտարկել։
«Խնդիրն այն չէ, որ մենք վատ ենք վերաբերվում Հայաստանին։ Ընդհակառակը, համոզված եմ, որ այստեղ փոխշահավետ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա։ Եթե խոսքը միայն Հայաստանի ու Վրաստանի մասին լիներ, կամ նույնիսկ միայն Աբխազիայի, Հայաստանի և Վրաստանի, դա բոլորովին այլ հարց կլիներ»,- ասել է Մարինա Մուսխելիշվիլին։