11/10/2021 15:00
Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու կառավարության պատրաստակամությունը
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման եւ հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Դեսպան Սվենսոնն կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խորացումը՝ նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու կառավարության պատրաստակամությունը և պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական և բիզնես ներդրումների ներգրավման և այս ուղղությամբ երկու երկրների միջև փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաև կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: