11/10/2021 10:50
Պաշտոնական վարկածով՝ կորոնավիրուսի հետևանքով մահվան մի քանի դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, հնարավոր է՝ արտաշիրիմում իրականացվի. փաստաբան
Շուրջ 1,5 տարի է, ինչ, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում ամեն օր կորոնավիրուսի հետևանքով ունենում ենք մահվան դեպքեր, երբեմն՝ օրական 30 և ավելի դեպք: Սակայն մի շարք դեպքերում հիվանդների մահը կասկածներ է առաջացրել նրանց հարազատների մոտ, նրանք պատշաճ իրազեկում չեն ունեցել, անգամ՝ մահվան վկայականներում հստակ նշված չի եղել, որ անձը մահացել է կորոնավիրուսից, իսկ իրավապահ մարմինները քննություն չեն իրականացրել՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, գրել է «Փաստինֆո»-ն։
Կայքը հիշեցրել է, որ այդ կապակցությամբ դեռևս մեկ տարի առաջ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացել՝ պահանջելով քրեական գործ հարուցել, սակայն, պարզվում է՝ հաղորդումը ներկայացնելուց շուրջ մեկ տարի անց որևէ մեկը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել, անգամ նորմալ քննություն չի իրականացվել ու նախաքննական մարմինը փորձում է ծածկադմփոց անել:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ երկու խումբ հաղորդում է ներկայացվել, որոնցից մեկը վերաբերում է բժշկական սպասարկում իրականացնող անձանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելուն, ինչի հետևանքով կորոնավիրուսից մարդկանց պատճառվել էր մահ։ Նշված դրվագներով հարուցվել է մեկ տասնյակից ավելի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, գործերի վարույթները կասեցվել են՝ մինչև փորձաքննությունների եզրակացություններ ստանալը։ Ըստ փաստաբանի` որոշ քրեական գործերով չի բացառվում, որ անհրաժեշտություն առաջանա արտաշիրիմում կատարելու, քանի որ այդ ժամանակ դիահերձում չէր իրականացվում։
Երկրորդ խումբ հաղորդումները վերաբերում են պետական իշխանությունների անգործությանը, ինչին որևէ ընթացք չի տրվել։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ բարձրաձայնվել է այն հանգամանքը, որ և՛ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, և՛ միջազգային կոնվենցիաներն արձանագրել են, որ մի շարք դեպքերում պետությունը պարտավոր է իրականացնել կասկածելի մահվան դեպքերի հետաքննություն և նախաքննություն։
Փաստաբանի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած մահերը կասկածելի հանգամանքներում մահվան հանգամանքներ էին, քանի որ մահացածների հարազատները հաղորդումներ էին ներկայացրել, որ չեն հավատում բժշկական եզրակացություններին և այն փաստական հանգամանքներին, որոնք իրենց հրամցվում են բուժսպասարկողների կողմից, ուստի այդ պարագայում պետության պոզիտիվ պարտականությունն է հետաքննություն իրականացնել և պարզել մահվան հանգամանքները։ Հովհաննիսյանն ընդգծել է, որ պետությունը պարտավոր էր առնվազն մի քանի գործողություններ իրականացնել ․ դիակի դատաբժշկական փորձաքննություն, անձանց հարցաքննություններ և դիահերձում, մինչդեռ կորոնավիրուսից մահվան դեպքերով պետությունը 2020 թվականին ընդհանրապես հետաքննություն չի իրականացրել, ինչն առավել քան տարօրինակ է։
«Անգամ տնային պայմաններում հանկարծամահության պարագայում պետությունն իր այդ հետաքննչական ֆունկցիաներն իրականացնում էր, սակայն, եթե մահը տեղի էր ունենում, ըստ պաշտոնական վարկածի, կորոնավիրուսի հետևանքով, տարօրինակ հանգամանքներում մահը ոստիկանությունում չէր գրանցվում, դրանով ոստիկանները դեպքի վայր չէին մեկնում և համապատասխան նյութերի նախապատրաստում տեղի չէր ունենում»,- նշել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դա հանրապետությունում համընդհանուր բնույթ էր կրում, հետևաբար, ողջամտորեն ենթադրել են, որ կորոնավիրուսով հետաքննություն չիրականացնելը պետական իշխանության բարձրագույն օղակների կողմից իջեցված հրաման է, ինչի իրավունքը չունեին։
Պետության կողմից իր պոզիտիվ պարտականությունն առերևույթ չկատարելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, որին, սակայն ընթացք չի տրվել։
«Ոչ միայն ընթացք չի տրվել և հարկ չեն համարել մեզ անգամ գրությամբ պատասխանել, այլև՝ ընդհանուր իրավասության դատարանում պարզ դարձավ, որ հսկող դատախազն անգամ չգիտի, թե մեր կողմից ներկայացված հաղորդումը ներկայումս որտեղ է գտնվում։ Այսինքն՝ հաղորդումը պարզապես անհետացել էր»,-նշել է փաստաբանը։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու և իրավապահների անգործության դեմ բողոք է ներկայացվել դատարան, որը դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից մերժվել է։ Փաստաբան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը գտնվում է դատավոր Լուսինե Աբգարյանի վարույթում։