12/10/2021 14:35
Փաստաբան Լուսինե Սահակյանը լքեց դատարանի դահլիճը. Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լքեց նիստերի դահլիճը։
Դատարանը հայտարարեց, թե նման պայմաններում նիստը շարունակվել չի կարող։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ հայտարարեց՝ ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում պաշտպանական կողմի այս վարքագիծը։ Դատախազն ասաց, թե սա վարքագիծ է, որը շարունակական բնույթ է կրելու։
«Սա իրավունքի չարաշահման կլասիկ դրսևորում է։ Փաստաբանը չարամտորեն չի կատարում իր պարտականությունները։ Դատարանին միջնորդում եմ սանկցիա կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ», - ասաց Պետրոսյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառում է դատական սանկցիա՝ նկատողություն։
Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին։