12/10/2021 13:23
Չկա պարտադրանք, որ բոլորը պարտավոր են պատվաստվել, բայց բոլոր պետությունները ստեղծում են պայմաններ, որպեսզի քաղաքացին հակված լինի պատվաստվել․ Ռուբինյան
«Օրինակ՝ ես կարծում եմ, որ եթե թեստերը լինեն անվճար, դա կբերի նրան, որ մարդիկ ավելի քիչ հակված կլինեն պատվաստվելուն։ Ընդդիմությունն ասում է՝ պատվաստվելուն դեմ չենք, բայց․․․ Խնդիրը հենց այդ «բայց»-ն է, որովհետև ցանկացած հարցի վերաբերյալ կարելի է ասել՝ ես սրան դեմ չեմ, բայց», - այսօր հրավիվրված ասուլիսում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ընդդիմության գնահատականներին՝ պատվաստվելու հարկադրանքի վերաբերյալ։
Ռուբինյանը պնդեց, որ իրենք բոլորին չեն պարտադրում պատվաստվել։
«Չկա պարտադրանք, որ բոլորը պարտավոր են պատվաստվել, բայց բոլոր պետությունները ստեղծում են պայմաններ, որպեսզի քաղաքացին հակված լինի պատվաստվել»,- ասաց նա՝ բերելով Ֆրանսիայի օրինակը, որտեղ ժամանցի վայրեր այցելողները կամ պատվաստված պետք է լինեն կամ ՊՇՌ թեստի՝ վճարովի պատասխան ունենան։
Ֆրանսիայի օրինակը ներկայացնելուց հետո Ռուբինյանն ասաց, որ Հայաստանի ընդդիմության դիրքորոշումը վատ է գնահատում։
«Ես վատ եմ գնահատում դա։ Ես կուզեի, որ բոլոր քաղաքական ուժերը, միահամուռ, ասեին՝ ժողովուրդ ջան, պատվաստվեք, որովհետև սա պետք է»։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր հայտարարություններում բազմիցս պնդել է, որ իրենք դեմ չեն պատվաստվելու գործընթացին, քանի որ Քովիդի դեմ պայքարի ավելի լավ միջոց, քան պատվաստումն է, այս պահի դրությամբ՝ գոյություն չունի, այնուամենայնիվ, պատվաստվելու որոշումը յուրաքանչյուրը պետք է գիտակցված կայացնի՝ առանց հարկադրանքի, իսկ գործատուին ներկայացվելիք ՊՇՌ թեստավորման ծախսերը պետք է պետությունը հոգա, քանի որ դա լրացուցիչ ֆինանսական բեռ է՝ քաղաքացիների համար։