12/10/2021 14:58
Շուտով մարդիկ, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական թեստ, ԱԺ շենք ու տարբեր տեղեր մուտք չեն գործելու․ Ալեն Սիմոնյան
«Շուտով մարդիկ, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական թեստ, ԱԺ շենք մուտք չեն գործելու», - այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ առանց դիմակի մուտք գործելով ԱԺ ճեպազրույցների սրահ, որտեղ ասուիսով հանդես էին գալիս ՔՊ խմբակցության պատգամավորները։
Այդ պահին պատգամավորները լրագրողների հետ բանավիճում էին, թե գերբեռնված տրանսպորտում հակահիգիենիկ պայմաններն ու պետության՝ պատվաստման հարկադրանքը հակասություն մե՞ջ են, թե՞ ոչ և թե ինչու պետությունը, պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի բացասական ունենալու պահանջը ներկայացնելուն զուգահեռ, պատշաճ չի կատարում վարակի տարածման կանխարգելման այլ աշխատանքներ ևս։
Այս հարցուպատասխանին միջամտած Ալեն Սիմոնյանը, խորհրդարանի շենք մուտքի նոր սահմանափակման մասին լուրը հայտնելուց հետո, հորդորեց իր հետ բանավեճի մեջ չմտնել։
«Ես համ պատվաստված եմ, համ վարակվել եմ, համ էլ տեսա, որ դուք առանց դիմակ եք», - ասաց նա րագրողներին, ապա լրացրեց իր նախորդ հայտարարությունը․ «Ես ձեզ խոստանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում շատ կարճ ժամանակ անց մարդիկ առանց պատվաստման չեն կարողանալու տարբեր տեղեր գնալ, այդ թվում՝ ԱԺ շենք»։