12/10/2021 13:33
Ալեն Սիմոնյանը հույս ու վստահություն ունի, որ ռազմագերի հասկացությունը «մոտ ապագայում կմնա անցյալում»
«Իմ ունեցած տեղեկություններով՝ քննություն է ընթանում, դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից։ Նաև դրա հետ կապված քննություն է սկսվել», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակչին ադրբեջանցի դիպուկահարի կողմից թիրախավորելու և սպանելու փաստին հաջորդած զարգացումներին։
Սիմոնյանն անդրադարձավ նաև ռազմագերիների վերադարձի խնդրին։
«Ինչ վերաբերում է մեր ռազմագերիների վերադարձի հետ կապված ժամկետներին՝ ռազմագերիները վաղուց պետք է վերադարձած լինեին՝ ամբողջությամբ։ Ադրբեջանը, փաստացի, չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ տարբեր շինծու արդարացումներ բերելով։ Եվ երբ ես ասում եմ, որ ընկալումը մեր ռուս գործընկերների մոտ նույնն է, նաև դա նկատի ունեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որը ենթադրում է բոլոր պահվող անձանց վերադարձը, աներկբա պետք է կատարվի», - ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ ճանապարհների բացման, Ադրբեջանի հետ հարաբերություններ, «խաղաղություն» հաստատելու մասին խոսելիս ինքն ու իր գործընկերներն ասում են, որ այդ ճանապարհներով, նախևառաջ, մեր ռազմագերիները պետք է վերադառնան։
«Հանդիպումների ժամանակ նույնիսկ կոնկրետ անձանց հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել, ես խնդրել եմ միջամտել, քանի որ Կամիր խաչը կին ռազմագերու հետ կապված ինֆորմացիա ունի։ Ցավոք, ադրբեջանական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը, և այսօր ես նաև հանդիպում ունեմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որտեղ այդ հարցը պետք է քննարկեմ», - ասաց Սիմոնյանը։
Նա պնդեց նաև, որ ռազմագերիների հարցն իրենց համար առաջնային է, ինքը հույս ու վստահություն ունի, որ «մոտ ապագայում ռազմագերի հասկացությունը կմնա անցյալում»։