12/10/2021 14:24
Անդրանիկ Քոչարյանի թեթև ձեռքով Դավիթ Տոնոյանը և Ստեփան Գալստյանը կալանավայրում են. քաջալերում եմ, թող հետևողական լինի և բացահայտի Փաշինյանի իշխանության մեջ բոլոր նման կոռուպցիոն դեպքերը. Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հորդորում է հետևողական լինել բանակում կոռուպցիայի բավցահայտման հարցերում։
«Պարոն Քոչարյանը բավական հետևողական պայքար է մղում բանակում կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ։ Իր թեթև ձեռքով բացահայտվեց Հայաստանի նորագույն պատմության մեջ բանակում ամենամեծ կոռուպցիոն փաստը։ Իր ջանքերով այսօր կալանավայրում են գտնվում Դավիթ Տոնոյանը և Ստեփան Գալստյանը։ Ուզում եմ պարոն Քոչարյանին քաջալերել՝ հետևողական լինել այդ հարցում և բացահայտել Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ բոլոր նման կոռուպցիոն դեպքերը։ Իսկ դրանք բավական շատ են», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Ղազինյանը։
Նա նշեց, թե Անդրանիկ Քոչարյանը թող հետևի, որպեսզի այս իշխանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած կոռուպցիոն գործարքների մեջ խառնված բոլոր մարդիկ հայտնվեն ճաղերի հետևում։
«Եվ թող հետամուտ լինի, պարզի այդ գործարքի մասին, որով բալանս է մուտք արվել խոտան ռազմամթերք. զեկուցվե՞լ է արդյոք այդ մասին Նիկոլ Փաշինյանին, թե՝ ոչ։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ԳՇ պետին մեղադրանք առաջադրված չէ, քանի որ առանց իր ստորագրության այդ ռազմամթերքը չէր կարող ներառվել ԶՈՒ բալանսում։ Կարող ենք կարծել, որ սա ընդամենը շոու է, թոզ են փչում մարդկանց աչքերին», - ասաց Ղազինյանը։