12/10/2021 19:00
Ինչ է «հետքովիդային վիճակը». մահերը կանխելու գիտականորեն ապացուցված միակ անվտանգ միջոցը մնում է պատվաստումը
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ պարզաբանելով, թե ինչ է «հետքովիդային վիճակը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հրապարակել է տեղեկագիր, որով նկարագրել և սահմանել է COVID-19-ից հետո շատերի մոտ արտահայտվող ախտանիշները:
Ըստ այդմ` հիվանդների մեծ մասը, ովքեր վարակվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, լիովին ապաքինվում են, սակայն կան պացիենտներ, որոնց մոտ հիվանդությունը երկարաժամկետ բացասական ազդեցություն է ունենում օրգան-համակարգերի վրա` ներառյալ թոքային, սրտանոթային և նյարդային համակարգերը, ինչպես նաև հոգեբանական վիճակը:
Այս ազդեցություններն ի հայտ են գալիս անկախ վարակի սկզբնական ծանրությունից, միջին տարիքի անձանց, հատկապես կանանց շրջանում և առավել հաճախ նրանց մոտ, ովքեր հիվանդության սկզբնական շրջանում ավելի շատ ախտանիշներ են ունեցել:
«Հետքովիդային վիճակը» հանդիպում է COVID հաստատված կամ հավանական հիվանդների մոտ հիվանդությունից 3 ամիս անց՝ այնպիսի ախտանշաններով, որոնք պահպանվում են առնվազն 2 ամիս և չեն բացատրվում այլ ախտորոշումներով:
Այդ ախտանշաններն են` հոգնածություն, շնչահեղձություն, ճանաչողական խանգարում և այլն, որոնք կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել` թուլանալ, ուժգնանալ, վերանալ կամ նորից հայտնվել:
Մինչ այս նկարագրվող վիճակի սահմանումները տարբեր էին, ինչը հանգեցնում էր հետազոտական, կլինիկական քաղաքականության մշակման բարդությունների:
Համաճարակի ընթացքում տարբեր եզրույթներ են կիրառվել, իսկ ԱՀԿ-ն տվել է «հետքովիդյան վիճակ» սահմանումը:
Հետազոտության տվյալներով` վարակվածների 10-20%-ը բախվում է սրան` վարակվելուց շաբաթներ և ամիսներ անց:
Եզրակացության մեջ նշվում է, որ COVID-19-ը տեսանելի ապագայում մնալու է մարդկության մարտահրավերներից` առաջացնելով նոր հարցեր ու պատասխաններ:
Հիշեցնենք, որ այժմ համավարակի նոր ալիք է գրանցվել: Այս հիվանդության հետևանքով աշխարհում 4,5 միլիոնից ավելի մարդ է մահացել, իսկ մահերը կանխելու գիտականորեն ապացուցված միակ անվտանգ միջոցը մնում է պատվաստումը:
Հետազոտությունն՝ այստեղ: