13/10/2021 11:24
Կորոնավիրուսով պայմանավորված՝ հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է. Հայաստանն արդեն մոտենում է վառվող կարմիր գոտուն
Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակը բավականին լարված է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ, վարակի վերարտադրողականության ցուցանիշը մեկից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է», - ասաց նա։
Աբովյանի խոսքով՝ ցավոք, ունենք մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1,5-ից մինչև 1,7 անգամ դեպքերի աճ։ Բացի դրանից, Հայաստանն արդեն մոտենում է վառվող կարմիր գոտուն։
«Հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնենք 500-ի, ապա Հայաստանը կհայտնվի վառվող կարմիր գոտում», - ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսը երիտասարդացել է ու, հիմնականում, ավելի շատ թիրախավորված են 30-ից 50 տարեկան ազգաբնակչությունը, կան նաև դեպքեր երեխաների շրջանում, ովքեր ունեն հոսպիտալացման կարիք ու այս պահին բուժում են ստանում։
«Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է ու դեպքերը բավականին ծանր են, բակավանին մտահոգիչ իրավիճակ է», - նշեց Ռոմելլա Աբովյանը։
Նշենք՝ Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 1217 նոր դեպք. մահացել է 31 մարդ։