13/10/2021 10:36
«Ժողովուրդ». Չկահավորված բնագծերում հերթապահություն իրականացնելու համար զինվորականները մինչև 60 հազար դրամ հավելավճար կստանան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախարարությունը ցանկանում է բարձրացնել այն զինծառայողների աշխատավարձը, որոնք նոր՝ պետարազմից հետո ձևավորված ու դեռևս չկահավորված բնագծերում մարտական հերթապահություն կիրականացնեն: Նախագիծը e-draft համակարգում արդեն իսկ շրջանառվել է: Ըստ առաջարկվող փաթեթի՝ օրական 12 ժամից պակաս հերթապահությունը չի հաշվարկվի: Հավելավճարը չի տարածվի պարտադիր զինվորական ծառայություն իրականացնողների և կրտսեր սպայական անձնակազմի վրա:
Թե կոնկրետ որ մարտական դիրքերում ու գոտիներում ծառայություն իրականացնելու համար զինվորականները հավելյալ աշխատավարձ կստանան, հաստատելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայացրած լիազոր մարմինը:
44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի պետական սահմանը երկարել է մոտ 200 կմ-ով: Նոր ձևավորված բնագծերի մեծ մասը, ցավոք, մինչ օրս կահավորված չէ: Խնդրի մասին դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել:
Չկահավորված բնագծերի ու դիտակետերի համար արդարացում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր գտել՝ ասելով, թե ձմեռ էր, ձյուն էր, կահավորել չեն հասցրել: «
Ձմեռն ու ձյունը ոչ թե հիմնավոր պատճառ, այլ սոսկ պատրվակ է չարածներն արդարացնելու համար»,- հակադարձելով Գրիգորյանի պնդումներին՝ ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նրա համար անընդունելի է, որ պատկան մարմինների համար անվտանգության երաշխիքը գումարն է: Ավելին, անտրամաբանական է նախագծի այն կետը, ըստ որի՝ զինծառայողները զրկվելու են հավելավճարից, եթե չկահավորված բնագծում նվազագույն կահավորում հայտնվի: Հովսեփյանը մտավախություն ունի, որ նվագազգույն կահավորումը, ըստ Պաշտպանության նախարարության, կարող է, օրինակ, մեկ վրանը կամ անձրևանոցը լինել:
Չկահավորված բնագծերի մասով ArmLur.am-ի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը:
Նշենք, որ եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա չկահավորված բնագծերում հերթապահություն իրականացնելու համար զինվորականները մինչև 60 հազար դրամ հավելավճար կստանան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում