13/10/2021 19:18
Գերմանացիներն ուշադրությամբ են հետևում ՀՀ կառավարության գործունեությանը
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բեռլին Էկոնոմիկս» անկախ խորհրդատվական ընկերության եւ «Գերմանական տնտեսական միավորում» հ/կ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ խոսել է գործող արտաքին պարտքի կառավարելիության եւ մակրոտենտեսական ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ:
«Բեռլին Էկոնոմիկս» ընկերության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաև շեշտել է, որ գերմանացի գործընկերներն ուշադրությամբ են հետևում ՀՀ կառավարության գործունեությանը և ողջունում են ընթացիկ աշխատանքներում տարվող բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: