13/10/2021 19:28
Պետությունը պետք է բարենպաստ միջավայր ստեղծի, որպեսզի հաղթահարի պանդեմիան, իսկ խտրականությունն արգելված է․ փաստաբան
Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում անդրադարձել է համավարակի պայմաններում պետության և քաղաքացիների պարտավորություններին ու իրավունքներին։
«Կորոնավիրուսի համավարակի ժամանակ պատվաստումը պարտադիր բնույթ չի կարող ունենալ, յուրաքանչյուր անձ ինքն է որոշում` պատվաստվի, թե ոչ։ Արգելված է նաև չպատվաստվելու հիմքով խտրականությունը, այսինքն`անձը չի կարող բժշկական օգնություն ստանալ ավելի լավ պայմաններով, որովհետև պատվաստված է` ի տարբերություն այն անձի, ով պատվաստված չէ։ Նման իրավիճակում, երբ առկա է խտրականություն, ամենաարագ քայլը ՄԻՊ–ին դիմելն է, այնուհետև փաստաբաններ ներգրավելը, ովքեր պետք է համապատասխան բողոքներ ուղղեն առողջապահության նախարարությանը, որովհետև բժշկական հաստատություններն, ի վերջո, պետք է մասնագիտական օգնություն ցուցաբերեն բոլորին, քանզի քաղաքացիներն ունեն բժշկական օգնություն ստանալու սահմանադրական իրավունք»,– նշել է փաստաբանը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ` պետությունը պետք է բարենպաստ միջավայր ստեղծի, որպեսզի հաղթահարի պանդեմիան, որպեսզի անձանց առողջության պահպանման համար ապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները, իր լծակներով նպաստի, որ մարդիկ պահպանեն անվտանգության կանոնները, բայց չի կարող քաղաքացուն հարկադրել բժշկական միջամտություն՝ թեկուզ պատվաստման նպատակով։ Պետությունն իրավունք ունի միայն վարակված անձանց մեկուսացնել, ինչն իրավաչափ է։