13/10/2021 20:06
Հայաստանում մինչև վերջ չի գիտակցվել խնդիրների ամբողջ շարքը, թե ինչու է դեպի մեր երկիր օտարերկրյա ներդրումների հոսքը փոքր. տնտեսագետ
Եթե օտարերկրյա ներդրումների ներհոսքը Հայաստան նվազում է, դա բավականին մտահոգիչ հանգամանք է. սա նշանակում է, որ ՀՀ տնտեսությունն այլևս չի կարողանալու դրսի ռեսուրսներն օգտագործել զարգացման համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
«Հայաստանից տարբեր երկրների ուղիղ ներդրումները հանելու պատճառները բազմաթիվ են՝ սկսած 44-օրյա պատերազմից։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում մինչև վերջ չի գիտակցվել խնդիրների ամբողջ շարքը, թե ինչու է դեպի մեր երկիր օտարերկրյա ներդրումների հոսքը փոքր։
Նախկինում կային սպասումներ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, ներդրումները կմեծանան, բայց հիմա տեսնում ենք, որ թեկուզ փորձ է արվում պայքարելու կոռուպցիայի դեմ, դա ներդրումների ավելացման վրա չի ազդում։ Իրականում սա շատ լայն խնդիր է՝ սկսած աշխարհագրությունից, քաղաքականությունից, մինչև լոգիստիկ իրավիճակ։
Արդյունքում դրսից գրեթե ոչ ոք չի ուզում Հայաստանում ներդրումներ կատարել, իսկ ներքին ներդրումների մասով էլ բազմաթիվ խնդիրներ կան՝ ներդրողների նկատմամբ անհասկանալի քաղաքականությունից սկսած»,- ասաց տնտեսագետը։
Հրանտ Միքայելյանը կասկած հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանում օտարերկրյա լուրջ ներդրումներ կարվեն, հետևապես պետությունը գոնե պետք է մտածի՝ ինչպես խրախուսել ներքին ներդրողներին։ Տնտեսագետի համոզմամբ՝ միայն այդ պարագայում իրավիճակը կփոխվի. դա, սակայն, երկարատև գործընթաց է։