14/10/2021 19:26
Խաղողագործները բողոքի ակցիա են արել «Բագրատ գրուպ» ՍՊԸ-ի դիմաց՝ պահանջելով մթերել բերքը
Խաղողագործներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել «Բագրատ գրուպ» ՍՊԸ-ի դիմաց՝ պահանջելով մթերել իրենց բերքը,- գրել է News.am-ը։
Կայքի հետ զրույցում խաղաղագործներից Գևորգ Մխիթարյանը պատմել է, որ ակցիայի ընթացքում իրենք փակել են Հոկտեմբերյան-Գյումրի ավտոճանապարհը։
«Գործարանի դիմացի ճանապարհն էինք փակել, մարզպետարանի աշխատակիցները եկան, ոստիկանությունից եկան ու բացեցին ճանապարհը։ Ոստիկանությունից զգուշացրին, որ եթե մյուս անգամ էլ փակենք ճանապարհը, ապա ուժի կդիմեն, բերման կենթարկեն»,- նշել է խաղողագործը։
Ըստ նրա՝ այդ գործարանն էլ այդքան խաղող մթերելու հնարավորություն չունի։
«Հերթագրված մեքենաներից 5-ը տարան գործարան, մնացածը էլի մնաց։ Նորից նույն վիճակն է։ Այսպես խաբում են ժողովրդին։ Ես մոտ 80 տոննա ունեմ, որի կեսն եմ մթերել, մնացածն էլ անորոշ է, չգիտեմ՝ ինչ պետք է անեմ»,- ասել է Մխիթարյանը։
Խաղողագործը տեղեկացրել է նաև, որ մոտ 15 օր առաջ իրենք գնացել են Էկոնոմիկայի նախարարություն։
«Մեզ ասացին՝ բաժանել ենք գործարանների մեջ, բայց գործարանն էլ ի վիճակի չէ այդքան մթերելու։ Հին գործարան է՝ 60-ականների, օրվա կեսը փչացած է»,- նշել է նա։