14/10/2021 12:00
Նիկոլ Փաշինյանը խաղողագործներին կոչ է անում միավորվել ու ստեղծել ասոցիացիաներ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խաղողագործներին պետք է մղեն, որ միավորվեն իրար հետ:
«Պետք է ձևավորեն որևէ ասոցիացիա, որ կարողանան մյուս տարվա համար բանակցել մթերողների հետ ու անհրաժեշտության դեպքում նաև հարցեր բարձրացնել աշխատանքային մակարդակում կառավարության առաջ։ Ամեն անգամ գալ ու օգոստոսին հիշել, որ խաղողի մթերման խնդիր կա...», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեցՙ այդքան էլ ճիշտ չէ, որ կառավարությունն ասիՙ գիտեք ինչՙ այսքանով պետք է մթերեք:
«Դա խաղող արտադրողների ու մթերողների բանակցությունների ու շուկայական հարաբերությունների կարգավորման հարց է», - ասաց նա:
Վարչապետի խոսքովՙ սա գյուղատնտեսական ինստիտուտների համակարգերի կայացման առումով շատ կարևոր է:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, թե պետք է ամեն կերպ խթանեն պետություն-մասնավոր երկխոսությունը: