14/10/2021 15:47
Սամվել Բաբայանն անպայման կարող է օգտակար լինել նման գործերի մեջ․ Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին Բաբայանի մասնակցության մասին
Մոտ օրերս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կձևավորվի, Հանրային հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այս առումով բավական մեծ ու լավ խորհրդատվական թիմ է աշխատում: Աշխատանքն այնպես ենք կազմակերպելու, որ չստացվի, թե մարդկանց ենք հրավիրելու, ձայնագրենք և ասենք՝ ավարտվեց աշխատանքը»,- նշել է նա։
Քոչարյանն ասել է նաև, որ պետք է պարզել՝ արտախորհրդարանական ուժերի մասնակցության հետ կապված իրավական խոչընդոտը որքանով է հաղթահարելի կամ հաղթահարելի չէ, ապա, այդ հարցի պատասխանը գտնելուց հետո, հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը «կամբողջացվի»։
Հանձնաժողովում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ներգրավմանն անդրադարձել է նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։ Վերջինս Հանրայինի թղթակցին ասել է, որ վարչապետի և արտախորհրդանական ուժերի խորհրդի նիստին քաղաքական որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողովի կազմում երեք ուժից ներկայացվածություն լինի։
«Ինձ հետ միասին մասնակցելու են նաև Սամվել Բաբայանը և Նորայր Նորիկյանը։ Թե ինչ ներգրավվածություն է լինելու, առաջիկայում կքննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովում»,- նշել է Սանասարյանը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սամվել Բաբայանի մասնակցության մասին տեղեկությունը չի հերքել։
«Սամվել Բաբայանը, որպես կանոն, անպայման կարող է օգտակար լինել նման գործերի մեջ։ Այ, թե ինչ ձևաչափով, դա կապված է սահմանադրության և օրենքների ընկալման հետ»,- ասել է Քոչարյանը։