14/10/2021 14:51
Ներդրողների հետ ավելի ուշադիր է պետք աշխատել, այնինչ Հայաստանում նրանց համար կան առնվազն 8-9 չկարգավորված խնդիրներ. Տնտեսագետ
Քանի որ Հայաստանն այս պահին պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով գտնվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, երկրից անգամ մեկ կոպեկի արտահոսքը մեզ ձեռնտու չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով վերջին վեց ամիսներին մի շարք երկրների՝ ուղղակի ներդրումները Հայաստանից հանելու փաստին։
«Գումարների արտահոսքից նախ մեր դեմոգրաֆիական պատկերը կփոխվի, մարդիկ կսկսեն հեռանալ Հաաստանից, այնուհետ՝ կնվազի աշխատուժը, երևույթը բացասաբար կազդի ձեռնարկությունների արտադրողականության վրա։ Եթե մարդիկ հեռանան երկրից, մեր՝ առանց այդ էլ փոքր շուկան ավելի կփոքրանա, կնվազի գնողունակությունը», - ասաց նա։
Մակարյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումներն ընդհանուր առմամբ զգալի նվազել են։
«Մենք պետք է ավելի ուշադիր աշխատենք ներդրողների հետ, այնինչ Հայաստանում նրանց համար կան առնվազն 8-9 չկարգավորված խնդիրներ։ Դրանք խանգարում են ներդրողներին, իսկ մենք տարեցտարի չենք կարողանում այդ խոչընդոտները վերացնել։
Ներդրողներին խանգարող հանգամանքների թվում են շինթույլտվությունների տրամադրման, ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն ուշացումները, լիցենզիաների հետ կապված հարցերը և այլն։
Պակաս կարևոր չեն նաև պետական մարմինների ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը, գործընթացները ձգձգելը, ինչպես նաև որակյալ աշխատուժի բացակայությունը։ Ներդրողներին Հայաստանում նախկինում գրավում էր էժան, բայց որակյալ աշխատուժը, իսկ հիմա մենք ոչ որակյալ աշխատուժ ունենք, ոչ էլ քանակ կարող ենք ապահովվել։
Այս բոլոր պատճառները, միասին վերցրած,վանում են օտարերկրյա ներդրողներին՝ գումարած քաղաքական լարվածություն, պատերազմական ռիսկեր և այլն», - ասաց մեր զրուցակիցը։