14/10/2021 13:47
Հայաստանում ազգային ավիափոխադրող կստեղծվի. կառավարությունն ու «Էյր Արաբիա»-ն ներդնում են յուրաքանչյուրը 10 միլիոն դոլար
Կառավարությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կանոնադրական կապիտալում նորաստեղծ ազգային ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնում է 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ։
2021 թվականի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ազգային ավիաընկերություն: Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար ՀՀ դրամ, իսկ Էյր Արաբիա ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով:
Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է Էյր Արաբիան, որը հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող:
Նոր ազգային ավիաընկերության ստեղծումը մեծապես կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև կնպաստի տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը։
«Սա չի նշանակում, թե Հայաստանում այլ հայկական ավիաընկերություններ չեն կարող լինել։ Տվյալ դեպքում, ՀՀ կառավարությունը, պայմանավորվածություն ունենալով «Էյր Արաբիա» ընկերության հետ, կառավարությունն ու ընկերությունը, ավելի կոնկրետ, նրա դուստը ընկերությունը, ներդրում են յուրաքանչյուրը 10 միլիոն դոլար։ Ավիաընկերությունը կկոչվի «Արնա»», - ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու ու գործելու է մրցակցյային հավասար դաշտում։
«Միակ տարբերությունն այն է, որ կառավարությունը ներդրում է անում», - ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ պետք է ստեղծեն հստակ երաշխիքներ՝ այն հանձնառությունը, որ 2022 թվականի գարնանից ավիաընկերությունը պետք է կանոնավոր չվերթներ իրականացնի, պետք է ամեն ինչ անեն, որ դա իրականացվի։