15/10/2021 17:25
«Վարչապետը չունի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի պաշտոնից». Որոշ պաշտոնյաների համար պատվաստման սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը չի գործի
Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը. ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել։
«Պատճառը հետևյալն է՝ օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը:
Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ:
Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից», - ասված է ԱՆ պարզաբանման մեջ։