15/10/2021 15:09
Հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը. անդրադարձ է կատարվել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորություններին
«Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հեռանկարները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության (Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան) իրականացման հնարավորություններին։
Ի թիվս այլ հանդիպումների` փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ռուսաստանյան Էներգետիկ շաբաթ» համաժողովի հարթակում զրույց է ունեցել «Ռոսատոմ» ՊԿ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, ինչպես նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին։
Քննարկվել են նաև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերը։