15/10/2021 18:50
Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 18-րդ նիստը
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրին Ծրագրով սահմանված ֆինանսական կրթման նախագծերի` նախորդ եռամսյակի արդյունքները և քննարկեցին հետագա անելիքները: Հիշեցնենք, որ Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և այն վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը: Վերանայման արդյունքում Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը վերանվանվել է՝ դառնալով Ֆինանսական կրթման ծրագիր (ՀՀ Կառավարության 22 հուլիս 2021 թ. N1208-Լ որոշում): Այդ մասին հայտնում է abcfinance.am-ը։
Ովքե՞ր էին մասնակցում
Ծրագիրը բազմաշահառու է և իրականացվում է մի շարք գործընկերների հետ համագործակցությամբ՝ նախարարություններ, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ և միջազգային դոնոր ընկերություններ։ Այդ թվում՝ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ, Կրթության տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, Բանկերի և Վարկային կազմակերպությունների միություններ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավտոապահովագրողների բյուրո, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ, «ԱՅԲ» կրթական հիմնադրամ, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն», Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամ, «ԱՔՌԱ» վարկային բյուրո, Հայաստանի ֆոնդային բորսա, Կենտրոնական դեպոզիտարիա «ԱՐՔԱ» ազգային վճարային համակարգ, Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիա:
Որտե՞ղ էր անցկացվում
Հանդիպումն անցկացվում էր առցանց՝ հաշվի առնելով Covid համաճարակի զարգացումը:
Նիստի ընթացքում
Ողջույնի խոսքով հանդես եկան Հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Այնուհետև հանձնաժողովի անդամները ներկայացրեցին նախորդ եռամսյակի ընթացքում իրականացված նախագծերի արդյունքները և քննարկեցին հետագա անելիքները: Նիստն ամփոփելով՝ հանձնաժողովի անդամները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու նախագծերի արդյունավետ իրականացման և նոր նախագծերի մշակման գործում: