15/10/2021 16:44
Ապրիլյան քառօրյային տեղեկատվական մաքրասիրություն ու համախմբվածություն էր մեր ինֆորմացիոն տիրույթում․ այժմ պաշտոնական տեղեկատվությունը համարժեք հոմանիշ է ստին․ Մամիջանյան
«Բանակցային գործընթացում մենք ունենք խիստ լուրջ խնդիրներ, և այդ խնդիրները շատ կանխատեսելի էին։ Երբ Հայաստանի կողմից, ցավոք սրտի, հիմնական բանակցողը խոսում է խաղաղությունից, իսկ պատասխան է ստանում երեկվա միջադեպի պես դրսևորումներով՝ թշնամու կողմից, ապա խոսելը, որ մեր երկիրն անվտանգ է, աբսուրդի ժանրից է»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ այսօր հրավիրված ասուլիսում։
Նա ընդգծեց, որ այն իրավիճակում, երբ Հայաստանի սուվերեն տարածքում մայիսից առկա են ադրբեջանական, իսկ ըստ որոշ տեղղեկությունների, նաև թուրքական զինված ուժեր, երբ թշնամին օրեցօր մեծացնում է ագրեսիան, ակնկալել, որ ցանկության ու հմտությունների բացակայության պայմաններում Փաշինյանը բանակցություններում կկարողանա հայկական օրակարգն առաջ տանել, անհնար է։
«Այսօր առավոտյան էլ է տեղի ունեցել միջադեպ։ Կրակի տակ է հայտնվել հայկական սանիտարական մեքենան՝ Արցախում։ Սանիտարական մեքենայի վրա կրակ բացելը, մեղմ ասած, չի կարող տեղավորվել «խաղաղության դարաշրջանի» տրամաբանության մեջ»,- ասաց պատգամավորը։
Հայկ Մամիջանյանն արձագանքեց նաև լրագրողների դիտարկմանը, որ երեկ Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած սադրիչ գործողությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն երկար ժամանակ չկար, մամուլը զրկված էր զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն հայտնելու հնարավորությունից։ Պատգամավորը նշեց, որ հասարակությունն ու լրագրողները ժամեր շարունակ ստիպված էին տեղեկություններ կորզել տարբեր տելեգրամյան ալիքներից կամ սեփական աղբյուրներով, որովհետև այդպիսի իրականություն ստեղծել է հենց գործող իշխանությունը։
«Տրամաբանությունը շատ պարզ է։ Մինչև «վերևից» «դոբրոն» չլինի, մինչև չհասկանան, թե ինչպես կարող են այդ տեղեկատվությունը տրամադրել, որ հանկարծ իրենց «կառուցողական» գործընկերներին՝ Բաքվում նստած, չնեղացնեն, չեն տրամադրում, իսկ դա տևում է ժամեր»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանը հիշեցրեց նաև պարզ կանոնը, որը գործում էր նախկինում․ ապատեղեկատվությունը կանխելու ամենագործուն միջոցն իրական տեղեկատվությունն արագ, կարճ ժամանակահատվածում տրամադրելն է։
«Հիշենք, թե 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղեկատվական ինչ մաքրասիրություն ու համախմբվածություն էր առկա մեր ինֆորմացիոն տիրույթում․ որովհետև առկա էր վստահություն՝ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։ 44 օր «հաղթելու ենք»-ից հետո սրանք կարողացան հասնել նրան, որ պաշտոնական տեղեկատվությունը համարժեք հոմանիշ դարձավ ստին։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո զրո քայլ արեցին, որպեսզի փոքրիշատե վերականգնվի վստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։ Դա բավական չէ, պարտության որոշ կոչնակներ, ես Արծրուն Հովհաննիսյանի մասին եմ խոսում, հեղինակային հաղորդաշարեր են ստեղծում, հանդես են գալիս բացահայտ ապատեղեկատվությամբ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։