16/10/2021 16:41
Ահագնացող գնաճը պարզապես թալանում է աշխատող աղքատներին․ 2022-ի պետբյուջեի նախագծով նվազագույն աշխատավարձի, նպաստների բարձրացում չկա․ պատգամավոր
Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի՝ 70 000 դրամ է հարկավոր մեկ անձին, որպեսզի հոգա ամսական նվազագույն կենսապահովման ծախսերը:
«2020-21 թվականների ընթացքում միջին գները գումարային արժեքով մոտավորապես 15 տոկոսով ավելացել են, իսկ մարդկանց եկամուտները չեն ավելացել։ Ահագնացող գնաճը պարզապես թալանում է հատկապես աշխատող աղքատ քաղաքացիներին և սոցիալապես խոցելի խմբերին»,- անդրադառնալով բնակչության կենսամակարդակի վրա գնաճի բացասական ազդեցությանն՝ ասաց Ավետիսյանը:
Նա ընդգծեց, որ 2020-21 թվականների ընթացքում գնաճի առաջանցիկ տեմպ է արձանագրվել․ ամեն հաջորդ ամիս գներն ավելի արագ են աճել, քան՝ նախորդ ամսին։
«2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բոլոր, այդ թվում՝ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների միջին գնաճը, որը միասին կոչվում է սպառողական գների ինդեքս, բարձրացել է 6,4 տոկոսով, հունվար-սեպտեմբերին՝ արդեն 6,7 տոկոսով։ Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրող սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր ցուցանիշի է։ Միայն այս տարվա հունվար-սեպտեմբերին սննդամթերքի միջին գներն աճել են 10 տոկոսով։ Բայց առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեսակները, օրինակ, բանջարեղենը թանկացել է 65 տոկոսով, ձեթը՝ 55 տոկոսով, ձուն՝ 30 տոկոսով»,- ասաց Ավետիսյանը։
Զուգահեռաբար, նրա խոսքով, բնակչության իրական եկամուտների նվազում կա։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գնաճի պատճառով թանկացել է 10 տոկոսով։ Մեկ անձի հաշվով՝ նվազագույն սպառողական զամբյուղի միջին արժեքն արդեն հատել է 70 000 դրամի շեմը։
«70 000 դրամ է հարկավոր մեկ անձին, որպեսզի հոգա ամսական նվազագույն կենսապահովման ծախսերը։ Եթե որևէ մեկը 4 հոգանոց ընտանիք ունի, նրան առնվազն 280-300 դրամ է անհրաժեշտ։ Այստեղ չեն մտնում ուսման և այլ ծախսերը։ Զուտ կենսապահովման նվազագույն ծախսերի համար 280 000 դրամ է անհրաժեշտ»,- նշեց տնտեսագետը։
Այս պարագայում նվազագույն 68 000 դրամ անփոփոխ աշխավարձը, որով հպարտանում էր իշխանությունը, Թադևոս Ավետիսյանի խոսքով, չի կարող բավարարել քաղաքացիների ամենափոքր պահանջները։
«Հազարավոր քաղաքացիներ այսօր աշխատում են նվազագույն աշխատավարձով, և այս պարագայում նրանք աշխատող աղքատներ են։ Այսինքն, իրենց աշխատավարձով նույնիսկ իրենց նվազագույն սպառումը չեն կարողանում կատարել։ Այսպիսի իրավիճակում իրեն սոցիալական հռչակած կառավարությունը, որն «անչափ սիրում է» քաղաքացիներին, 2022 թվականի պետբյուջեի նախագիծ է բերել, որտեղ չեք տեսնի նվազագույն աշխատավարձի, բազային աշխատավարձի բարձրացում։ Նաև անապահովության նպաստների բարձրացում չկա»,- ընդգծեց նա։
2022-ին, Ավետիսյանի խոսքով, միայն մի քանի տեսակի կենսաթոշակներ են ավելանալու՝ ընդամենը 2-3 000 դրամով, իսկ 2-3000 դրամը ձեթի թանկացումն անգամ չի հատուցում։
Սրան զուգահեռ՝ ավելացել են նաև ծառայությունների, դեղորայքի գները։ Այս ամենը, Ավետիսյանի համոզմամբ, արդեն հանգեցրել է երկրում աղքատության շեմի բարձրացմանը և առաջիկայում ավելի է մեծացնելու այն: