18/10/2021 17:55
Փորձագետների անվան տակ քննիչ հանձնաժողովում փորձում են ներգրավել իշխանության շահերը սպասարկող քաղաքական դեմքերի․ պատգամավոր
«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի ձևավորման գործընթաց դեռ չկա, բայց նույնիսկ հանձնաժողովը չձևավորված՝ այն մոտեցումները, որոնք դրված են դրա հիմքում, չեն կարող որևէ կերպ ընդունելի լինել»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծեց ինչպես իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ներկայացվածության, նրանց համամասնության խնդիրը, երբ իշխանական խմբակցությունից քննիչ հանձնաժողովում 7 անդամ է ներկայացված լինելու, իսկ երկու ընդդիմադիր խմբակցություններից՝ ընդամենը 4 պատգամավոր, այնպես էլ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում նյութերի ուսումնասիրությամբ հարուցվելիք քրեական գործերի հետագա քննության օբյեկտիվությունը, ինչն այսպիսի պայմաններում ակամայից կասկածի տակ է հայտնվում։
Պատգամավորը մեկ այլ կարևոր հանգամանք էլ մատնանշեց։
«Փորձագետների անվան տակ փորձում են ներգրավել անձանց, որոնք, իրականում, ոչ թե փորձագետներ են, եթե նույնիսկ ունեն ռազմական բնույթի գիտելիքներ, այլ քաղաքական դեմքեր են, որոնք ընտրություններից առաջ կամ հետո, այս կամ ձևաչափով, մեղմ ասեմ, շփումների մեջ են եղել իշխանության հետ։ Այդ «փորձագետների» մեջ կան մարդիկ, ովքեր նախընտրական փուլում, հետպատերազմական փուլում ամբողջովին սպասարկել են այս իշխանության քաղաքական գիծը, ապահովագրել են այս իշխանությանը՝ հետագայում նաև իրավական պատասխանատվությունից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Այս խնդիրների առկայության դեպքում, նրա խոսքով, էական էլ չէ, թե քննիչ հանձնաժողովը կգլխավորի Անդրանիկ Քոչարյա՞նը, թե՞ ՔՊ-ից մեկ այլ պատգամավոր, քանի որ աշխատանքի օբյեկտիվությունը խաթարված է՝ հանձնաժողովը դեռ չձևավորված։