18/10/2021 17:43
Հայաստանը և Ռուսաստանը բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել. առկա է մեծ ներուժ նոր համագործակցության համար. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի համանախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է այս ձևաչափով համաժողովների անցկացման ավանդույթի վերսկսումը՝ համարելով այն համագործակցության ընդլայնման կարևոր գործիք։
«Ուրախ եմ, որ կարողացանք վերսկսել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը, որը դադարեցվել էր COVID-19-ի պատճառով։ Այսօրվա կլոր սեղանների քննարկումներին մեծ մասնակցությունն ու ակտիվությունը վկայում են, որ մեծ հետաքրքրություն կա այս համաժողովի նկատմամբ և համագործակցության մեծ ներուժ»,-ասել է Վ․ Տերտերյանը, ընդգծելով, որ վաղվա պլենար նիստը՝ երկու երկրների կառավարությունների առանցքային պաշտոնյաների մասնակցությամբ, նոր խթան կհանդիսանա այսօր քննարկվող մի շարք նախաձեռնությունների իրականացման համար։
Ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ջերմ ընդունելության և կարճ ճամակահատվածում համաժողովի աշխատանքների կազմակերպմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար, ինչը վկայում է երկկողմ հետաքրքրվածության մասին։
Դ․ Վոլվաչը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը, որպես տնտեսական և ռազմավարական երկարամյա գործընկերներ, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, բայց նաև առկա է մեծ ներուժ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով նոր համագործակցության համար։ Ըստ Դ․ Վոլվաչի՝ այսօրվա համաժողովը ևս իր ներդրումը կունենա հայ-ռուսական համագործակցության ամրապնդման գործում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովի շրջանակում արդեն իրականացված և նոր մեկնարկող համատեղ ծրագրերի մասին ամփոփ փաստաթուղթ մշակել։
Վաղը կկայանա համաժողովի պլենար նիստը։