19/10/2021 18:28
Երևանում ելույթ կունենա «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, ջութակահար Գիլ Շահամը
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Գիլ Շահամը։ Ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 20։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Ծրագրում կհնչեն Յան Սիբելիուսի «Տխուր վալսը», Յոհանես Բրամսի Ջութակի կոնցերտը և Ալեքսեյ Շորի «Ծովանկարներ» ստեղծագործությունը՝ գրված ջութակի և նվագախմբի համար։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Գիլ Շահամը մեր ժամանակների լավագույն ջութակահարներից է, հանդես է գալիս անվանի նվագախմբերի հետ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Լոս Անջելեսի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ և այլ նվագախմբեր։ Եղել է Մոնրեալի, Շտուտգարտի և Սինգապուրի սիմֆոնիկ նվագախմբերի ռեզիդենտ մենակատարը։ Գիլ Շահամը թողարկել է երկու տասնյակից ավելի կոնցերտային և մենահամերգային կատարումների ձայնասկավառակներ, «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր է, արժանացել է նաև Grand Prix du Disque, Diapason d’Or և Gramophone Editor’s Choice մրցանակների։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնին աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։