19/10/2021 17:05
Հայաստանի պատվաստված քաղաքացիները առանց թեստի պատասխանի կկարողանան այցելել Մալթա
Հայաստանի՝ պատվաստված քաղաքացիներին թույլատրվել է այցելել Մալթա՝ Covid-19-ի դեմ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Shengenvisainfo-ն՝ Մալթան որոշել է ճանաչել 4 երկրի՝ Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի կողմից տրամադրված պատվաստման վկայագրերը:
Հոկտեմբերի 15-ին Մալթայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը որոշել է այս չորս երկրի կողմից տրված վկայականները ճանաչել՝ որպես վիրուսի նկատմամբ անձեռնմխելիության վավեր ապացույց: Համաձայն Մալթայի պաշտոնական ճանապարհորդական պորտալի ՝ VisitMalta- ի արված հայտարարության՝ 4 երկրի քաղաքացիներին այժմ թույլատրվում է մուտք գործել Մալթա՝ պայմանով, որ նրանց պատվաստման վկայականները պետք է համապատասխանեն երկրի իշխանությունների կողմից սահմանված պահանջներին:
Որպեսզի Մալթայում պատվաստման վկայականը ճանաչվի, անձը պետք է պատվաստված լինի Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով և ստացած լինի անհրաժեշտ բոլոր չափաբաժինները: Այսպիսով` կթույլատրվի Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի այն քաղաքացիների մուտքը Մալթա, որոնք պատվաստվել են AstraZeneca, Moderna, Johnson & Johnson և Pfizer/BioNTech պատվաստանյութերով: Ընդ որում` պատվաստանյութի վերջին դոզան ստանալու օրվանից պետք է անցած լինի առնվազն 14 օր: