19/10/2021 20:15
«Սա նշանակում է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է խնդիրներ ստեղծել»․ ՊՆ-ն «նպատակահարմար» չի համարել ընդդիմադիր պատգամավորի այցն առաջնագիծ
«Պաշտպանության նախարարն արձագանքել է ԳՇ պետին ուղղած գրությանս՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը եզրահանգել է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է ոչ միայն ՊՆ-ի և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի, այլև նրանց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել։
«Ես չգիտեմ, թե ինչով է զբաղված ԳՇ պետը՝ բացի իր ոլորտում անկարողություն, թուլություն և պաշտոնական դիրքին անհամապատասխանություն դրսևորելուց, բայց իր փոխարեն վերադասն է արձագանքել։
Ուրեմն, սրանք իրենց անփառունակ գործունեությունը և ծառայության նկատմամբ ոչ հարիր կեցվածքը քողարկելու համար որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել։
Սա նշանակում է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է ոչ միայն այս երկուսի, այլև իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել և, որպես «լուծում», ԳՇ պետը նախ խախտում է օրենքը՝ պատգամավորի գրությանը սահմանված ժամկետում չպատասխանելով, իսկ ավելի ուշ Պաշտպանության նախարարն արձագանքում է, թե պատգամավորի այցն առաջնագիծ նպատակահարմար չեն համարում։
Ի դեպ, այսօր խորհրդարան էր եկել Պաշտպանության փոխնախարարը, ով, բացի իր բերած նախագծից, իր ոլորտին վերաբերող որևէ հարցի ադեկվատ չարձագանքեց։
Սա է երկրի վիճակը, սա է անվտանգության բլոկի դեմքերի վերաբերմունքն ու անպատասխանատու կեցվածքը երկրի առաջ առկա սպառնալիքներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։