20/10/2021 15:37
Ջրի սակագնի բարձրացմամբ սոցիալական խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու. տնտեսագետ
Ջրի սակագնի բարձրացումը բացասական հետևանքներ է ունենալու հասարակության՝ հատկապես սոցիալապես խոցելի խավի համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Փաստացի, եկամուտներ չբարձրացնելու պայմաններում, զուգահեռաբար պարենային ապրանքների թանկացման ֆոնին ջրի գնի բարձրացումը լուրջ մարտահրավեր է լինելու մարդկանց համար։
Եթե հաշվի առնենք աղքատության ներկայիս ծավալները և անգամ աշխատող մարդկանց ցածր եկամուտները, բնականաբար, ջրի՝ ավելի քան 10 տոկոս թանկացումն ուղղակիորեն ազդելու է կյանքի որակի վրա, և սոցիալական խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու», - նշեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ ջրի սակագինը կբարձրանա 2022 թվականի հունվարի 1-ից։ Սոցիալապես անապահով սպառողերի համար կգործի գործող 180 դրամ սակագինը, մնացած սպառողների համար կսահմանվի 200 դրամ սակագին։