20/10/2021 12:37
Ֆեդերիկո Մոնդելչին և Սիմոնե Զանկինին հանդես կգան Պիացոլային նվիրված համերգով
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Աստոր Պիացոլայի 100-ամյակին։ Համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) որպես դիրիժոր կղեկավարի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա):
Որպես մենակատար ելույթ կունենա ակորդեոնահար Սիմոնե Զանկինին (Իտալիա), ով արդեն երկրորդ անգամ է ժամանում Հայաստան։ Համերգի ծրագրում Աստոր Պիացոլայի ստեղծագործություններն են։
Զանկինին ճանաչված ակորդեոնահար է, Ֆեդերիկո Մոնդելչիի մտերիմ ընկերներից։ Երաժիշտները միասին բազում համերգային ծրագրեր են իրականացնում, նախորդ անգամ 2019 թվականին են այստեղ ելույթ ունեցել կրկին Կամերային նվագախմբի հետ։ Երաժիշտները հայ ունկնդրին հետաքրքիր ու անմոռանալի համերգ են խոստանում։