20/10/2021 09:49
«Ժողովուրդ». Երևանի հանրային տրանսպորտի վարորդները խիստ զայրացած են քաղաքապետարանի ներկայացուցիչների «պարտադրանքի» վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանում հանրային տրանսպորտի վարորդները խիստ զայրացած են: Պատճառը Երևանի քաղաքապետարանն է: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրային տրանսպորտի վարորդները, որոնք հայտնեցին, որ այս օրերին քաղաքապետարանի ներկայացուցիչները հանրային տրանսպորտի վարորդներին «պարտադրում են» ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք պատասխանատվություն են կրելու նաև այն դեպքում, եթե ուղևորը դիմակ չի դնում: Խոսքը վարչական պատասխանատվության մասին է:
Իսկ դիմակ չդնելու դեպքում ուղևորի նկատմամբ արձանագրություն է կազմում ոստիկանությունը, գումարի չափն է 10 հազար դրամ, նույնն է նաև վարորդների դեպքում:
Նշենք, որ հասարակական տրանսպորտը շահագործող կազմակերպության նկատմամբ արձանագրությունը կազմում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Վարչական վարույթ ընդունվելու դեպքում հետևանքը կարող է լինել նախազգուշացումից մինչև 300 հազար դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամ»։