20/10/2021 17:35
Ջրի թանկացումը ծանր բեռ է դառնալու թե՛ զբաղված, և թե՛ հայտարարված աղքատների ուսերին. տնտեսագետ
«Վեոլիա Ջուր»-ը պայմանագրի կնքման առաջի օրից իր պարտավորությունները չի կատարել, թերացել է իր աշխատանքում, իսկ կառավարությունն, իր հերթին, չի հետևել ընկերության պարտավորությունների կատարմանը։ 20 տարի շարունակ դա բերել է ջրի ահռելի՝ 75-80 տոկոս կորուսների, այստեղից էլ՝ սակագնի շարունակական բարձրացման։ Այնպես որ, կորուստները թանկացման արմատն են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։
Ինչ վերաբերում է ջրի սակագնի՝ սոցիալապես անապահով խավի համար անփոփոխ մնալու կետին, տնտեսագետն ընդգծեց՝ սա կոռուպցիոն մեխանիզմ է։
«Եթե պետությունը փոխհատուցի, հնարավոր է, շատ հարուստ մարդկանց փոխհատուցի՝ ասենք, թանկարժեք «Մերսեդես» ունեցողների։ Ո՞վ է որոշելու անապահովներին, ո՞վ է հետևելու գործընթացին և մոնիթորինգ անելու»,- հարց հնչեցրեց Արիստակեսյանը։
Տնտեսագետը նաև համոզմունք հայտնեց՝ ջրի սակագնի թանկացումն ազդելու է ազգաբնակչության սպառողական զամբյուղի վրա։
«Բոլոր թանկացումներին գումարած՝ ջրի թանկացումը ծանր բեռ է դառնալու թե՛ զբաղված աղքատների, և թե՛ հայտարարված աղքատների ուսերին։ Առանց այդ էլ փոքր եկամուտների պարագայում սա լուրջ հարված է լինելու մարդկանց գրպաններին»,- ասաց Մովսես Արիստակեսյանը։
Հիշեցնենք, որ ջրի սակագինը կբարձրանա 2022 թվականի հունվարի 1-ից։ Սոցիալապես անապահով սպառողերի համար գործի գործող 180 դրամ սակագինը, մնացած սպառողների համար կսահմանվի 200 դրամ սակագին։