21/10/2021 09:52
«Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն այնպես անել, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ խորհրդարան ներկայանան կառավարության առաջին դեմքերը և ներկայացնեն բյուջեի նախագիծը, պատասխանեն պատգամավորների հարցերին: Այժմ հենց այդ աշխատանքներն են տարվում, որպեսզի բոլոր առաջին դեմքերն այդ օրերին լինեն Հայաստանում և ներկայանան խորհրդարան:
Խոսքը հատկապես նոյեմբերի 3-ին խորհրդարանում սպասվող քննարկումների մասին է, երբ խորհրդարան պետք է գան իրավապահ համակարգի ներկայացուցիչները և մասնակցեն Պետաիրավական հանձնաժողովի նիստին: Այդ օրը սպասվում է, որ խորհրդարան են գալու Հառակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Թերթը գրում է, որ այդ օրը բյուջեի քննարկումների ամենաթեժ օրերից է, երբ խորհրդարան են գալու նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՊՎԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը և այլք:
«Այսքան ժամանակ առաջին դեմքերը շատ հազվադեպ են ներկայացել խորհրդարան, ինչպես, օրինակ, Արմեն Աբազյանը, Արգիշտի Քյարամյանը. այս պաշտոններում նրանք նոր են նշանակվել, և բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, անհամբեր սպասում են, որ նշված պաշտոնյաները գան խորհրդարան», - գրել է թերթը: