21/10/2021 13:10
Իմքայլականների նախագիծն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի հասանելիությունը և տեղակատվության ազատության հետ կապված սահմանափակումներ է առաջացնում. Գալստյան
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իմքայլական պատգամավորների հեղինակած նախագիծը «Հայաստան» խմբակցության անդամները խնդրահարույց են համարում։
«Գործ ունենք մի օրենսդրական նախաձեռնության հետ, որը խոսքի ազատության հետ կապված լուրջ փոփոխություններ է նախատեսում և մեր առաջին գնահատականն այն է, որ այն տեղեկատվության ազատությանը սպառնացող է», - ԱԺ-ում հրավիրած քննարկմանը հայտարարեց պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, թե նախագիծն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը և տեղակատվության ազատության հետ կապված բավականին սահմանափակումներ է առաջացնում։
Լիլիթ Գալստյանն ասաց, թե նախագիծը, որն առնչվում է զանգվածային լրատվության հետ, ոչ միայն չի քննարկվել զանգվածային լրատվության հիմնական շահառուների՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գլխավոր խմբագիրների և փորձագետների կողմից, այլ նաև հանրային քննարկում չի անցել և դրվել է շրջանառության մեջ։
Նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել։
Հանձնաժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության անդամներ Լիլիթ Գալստյանը և Էլինար Վարդանյանը տեղեկացրել են, որ այս թեմայով քննարկում են կազմակերպելու, հրավիրել են հեղինակներին։
Քննարկմանը, սակայն, նրանցից որևէ մեկը չէր ներկայացել։
Նախագծի հեղինակները իմքայլական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանն են։